Հայաստանյան ՀԿ-ները զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ին՝ 44-օրյա պատերազմում վարձկանների օգտագործման վերաբերյալ

Հետևելով ՄԱԿ-ի Վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խմբի առաջարկին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մշակել և համապարփակ զեկույց են ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020 թ․-ի Արցախյան 44-օրյա պատերազմում վարձկանների կիրառման վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Բաց հասարակության հիմնադրամնե – Հայաստանը»:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Այս զեկույցը մշակվել է մի շարք հետազոտությունների, այդ թվում՝ մի խումբ իրավապաշտպանների կողմից, 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո իրականացված դաշտային աշխատանքների շրջանակում ձեռքբերված ապացույցների հիման վրա: Ներկայացված ապացույցները վկայում են, որ սիրիացի վարձկանները Թուրքիայի կողմից հավաքագրվել և տեղափոխվել են Ադրբեջան արցախահայության դեմ կռվելու համար, և նրանք մարտական գործողություններին մասնակցել են՝ նյութական շահագրգռվածությունից ելնելով, ինչը Միջազգային մարդասիրական իրավունքի  խախտում է։ Այս բոլոր ապացույցները փաստագրված են  «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ» փաստահավաք զեկույցում, որը պատրաստվել է քաղհասարակության մի խումբ կազմակերպությունների կողմից։

ՄԱԿ-ի աշխատանքային խմբին ներկայացված զեկույցում քաղհասարակության կազմակերպությունները նշել են, որ Լեռնային Ղարաբաղում վարձկանների կիրառման զոհ են դարձել ինչպես հայ զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ տարեցներ, որոնք չեն կարողացել լքել մարտական գործողությունների վայրերը։ 

«Արմենաֆոբիայի և հայերի դեմ ատելություն տարածելու պաշտոնական Բաքվի քաղաքականությունը գործնականում բացառում է Ադրբեջանի կողմից վարձկանների կիրառման հետևանքով տուժածների իրավունքների պաշտպանության համար միջոցներ փնտրելու բոլոր հեռանկարները»,- նշել են քաղհասարակության կազմակերպությունները՝ ՄԱԿ-ի աշխատանքային խմբին հասցեագրված զեկույցում։

Կազմակերպությունները կոչ են արել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հետաքննել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների հավաքագրման և տեղակայման փաստերը թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ այլ հակամարտությունների կոնտեքստում, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի այն բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել սիրիացի վարձկանների հավաքագրման, տեղակայման պլանավորման և իրականացման մեջ։

Քաղհասարակության անդամները նաև առաջարկել են զեկույցում տեղ գտած տեղեկությունը փոխանցել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանին և Թուրիքային,  վարձկաններ կիրառած այլ երկրներին պատասխանատվության և արդարադատության կանչելու համար։

Քաղհասարակության ներկայացուցիչները նաև մտահոգիչ են համարել ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կողմից Ադրբեջանի կեղծ պնդումները կառույցի հայտարարության մեջ զետեղելու փաստը և ընդգծել, որ երկու կողմերի միջև հավասարության նշան դնելով՝ տվյալ կառույցը և մյուս միջազգային կազմակերպություններն ավելի են խորացնում անպատժելիության մթնոլորտն ու սահմանափակում զոհերի համար փոխհատուցման հնարավորությունները։

Զեկույցը պատրաստել և ներկայացրել են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը,  Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը և «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն։