Ապրիլի 22-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բողոքի ցույց՝ ի պաշտպանություն «Imnemnimi» փոդքասթի կալանավորված հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի, ինչպես նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի։
Ակցիան անցկացվեց «Լռության ամիս» կարգախոսով։
Մասնակիցները վստահություն հայտնեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մեկ անձի իշխանություն, և 2018 թվականից Հայաստանը սկսել է հեռանալ ժողովրդավարական ուղուց, քանի որ երկրում հալածվում է խոսքի ազատությունն ու այլախոհությունը։
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են, ըստ ցուցարարների, Տավուշի մարզում Հայաստանի նկատմամբ սպասվող դավաճանության ֆոնին Փաշինյանի հասցեին արած քննադատության պատճառով։
Նրանք համոզմունք հայտնեցին, որ իշխանությունները փորձում են վերակենդանացնել ծանր վիրավորանքի այլ ձևակերպումներով հոդվածը, ինչը հարված է միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ԵՄ-ին։
Ակցիայի մասնակիցները Եվրամիությանը մեղադրեցին երկակի ստանդարտների մեջ՝ նշելով, որ այս կազմակերպությունը միտումնավոր, աշխարհաքաղաքական շահերից ելնելով, անտեսում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ Հայաստանում իրականացվող հետապնդումները, մինչդեռ մինչև 2018 թվականը ԵՄ-ն ակտիվորեն աջակցում էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին և տարբեր ակցիաների մասնակիցներին։
Ցուցարարները ԵՄ ներկայացուցիչներին հանձնեցին դատարկ թղթերի տրցակ՝ ի նշան 2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական հետապնդումների հանդեպ ԵՄ լռության, ինչպես նաև թղթերի մեկ այլ տրցակ, որոնք պարունակում էին մինչև 2018 թվականը ԵՄ-ի զեկույցները և հետապնդումների առիթով նրա կոչերը։
Փաստաբան Արսեն Բաբայանը հույս հայտնեց, որ Վազգեն Սաղաթելյանն այսօր ազատ կարձակվի ՔԿՀ-ից՝ ենթադրելով, որ Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին միտումնավոր են մեկուսացրել Տավուշի դեպքերի պատճառով։