Հայաստանում պատրաստվում են արգելել սնդիկով ջերմաչափերի վաճառքը։ Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Սնդիկի մասին» օրինագիծը:
Օրենքով արգելվում է սնդիկ պարունակող սարքերի ներկրումն ու վաճառքը։ Այդ ցուցակում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լյումինեսցենտային լամպերը (որոնք Հայաստանում վաղուց արդեն չեն օգտագործվում), բարոմետրերը, մանոմետրերը, ջերմաչափերը։ Հին ջերմաչափերը, բնականաբար, բնակչությունից չեն հավաքելու, սակայն դեղատներում կդադարեն վաճառել դրանք։
Ջերմաչափերն ու մյուս սնդիկային սարքերը շուկայից հանելու ժամանակացույցը կհաստատի կառավարությունը։
Օրինագիծն ընդունվել է Մինամատայի սնդիկի մասին կոնվենցիայի հիման վրա, որին միացել է Հայաստանը: Կոնվենցիան սահմանափակում է սնդիկի օգտագործումը՝ բնակչության շրջանում ծանր թունավորումներից խուսափելու համար։
Կոնվենցիան ընդունվել է Ճապոնիայի Մինամատա քաղաքում, քանի որ այնտեղ 1950-ականների սկզբին սնդիկով զանգվածային թունավորումներ էին գրանցվել։ Քաղաքում գտնվող պարարտանյութերի գործարանը քիմիական ռեակցիաների համար սնդիկային կատալիզատորներ էր օգտագործում, ինչից հետո սնդիկը ծովն էր նետում։ Այնտեղ սնդիկը շատ վտանգավոր միացություններ էր ստեղծում, որոնք ազդում էին մարդկանց և կենդանիների նյարդային համակարգի վրա։