Հայաստանի տնտեսությունն առաջիկա տարիներին տարեկան 4-5 տոկոսով կաճի. ԱՄՀ

Անհրաժեշտ է ընդլայնել կապիտալ ծախսերը, բայց միևնույն ժամանակ գումար խնայել հակաճգնաժամային պաշարների համալրման համար։

 Հայաստանի տնտեսությունը միջնաժամկետ հեռանկարում կաճի տարեկան 4-5 տոկոսով։ Այդ մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծության մեջ։ ԱՄՀ–ն պարբերաբար նման ուսումնասիրություններ է անցկացնում, այդ թվում՝ գնահատելու համար, թե ինչպես է ծախսվում բյուջետային վարկը, որը վերցվել է 2020 թվականի ճգնաժամին հակազդելու համար:

ԱՄՀ-ն Հայաստանին կհատկացնի մոտ 72 մլն դոլարի հերթական տրանշը, իսկ ընդհանուր առմամբ ՀՀ-ն կստանա համաձայնագրով նախատեսված 432 մլն դոլարից մոտ 396 մլն-ը: Վարկի ճշգրիտ գումարը արտահայտվում է SDR-ով (ԱՄՀ-ի հաշվարկային միավորը, որը հիմնված է աշխարհի առանցքային արժույթների զամբյուղի վրա) և կազմում է 308,8 մլն SDR (շուրջ 396 մլն դոլար):

Տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է 2020 թվականի ճգնաժամից հետո, երբ ՀՆԱ-ն կրճատվել էր 7,4 տոկոսով։ Հիմնադրամի գնահատմամբ՝ 2021 թվականի արդյունքներով երկրի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2022 թվականին՝ 5,25 տոկոսով (կառավարությունն ակնկալում է 7 տոկոս – խմբ.), այդ թվում՝ պետության աջակցության միջոցների շնորհիվ: Սպասվում է նաև գնաճի աստիճանական նվազում։
Հիմնադրամի մասնագետները նշում են, որ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճը սպասվում է 4,25-5 տոկոսի սահմաններում ու կախված կլինի մետաղների համաշխարհային պահանջարկից, Covid-19 դինամիկայից և պատվաստումների տեմպերից, ինչպես նաև տնտեսության ու ֆինանսական հատվածի բարեփոխումներից։
Կենտրոնական բանկը կարողացել է զսպել գնաճն ու դրա բացասական սպասումները։ Կապիտալի շուկայի բարեփոխումները կօգնեն մասնավոր հատվածին ներդրումներ ներգրավել ոչ միայն բանկերի, այլև արժեթղթերի թողարկման միջոցով:
ԱՄՀ-ի փոխնախագահ Բո Լիի հայտարարության մեջ նշված է, որ բյուջետային քաղաքականության մեջ պետք է հավասարակշռություն պահպանել տնտեսության աջակցության ծախսերի ու միջոցների խնայողության միջև՝ կապիտալի միջնաժամկետ պաշարների վերականգնման համար: Անհրաժեշտ է պահպանել սոցիալական ծախսերը (օգնելով ճգնաժամից տուժածներին), ինչպես նաև ավելացնել կապիտալ շինարարության ծախսերը, բայց միաժամանակ արդյունավետ իրականացնել դրանք (այսինքն ունենալ բավարար քանակությամբ շինարարական ընկերություններ, որոնք կկատարեն աշխատանքների աճող ծավալները):
Նշենք, որ 2020 թվականի արդյունքներով` Հայաստանի կառավարության պարտքն աճել է ՀՆԱ-ի 50,1 տոկոսից մինչև 63,5 տոկոս, իսկ 2022 թվականի վերջին, ֆինանսների նախարարության ծրագրի համաձայն, այն պետք է նվազի մինչև 60,2 տոկոս: ԱՄՀ-ի Stand By վարկային ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար և լրացնում է բյուջեի միջոցների ժամանակավոր պակասը: Վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով: