Ռուս-հայկական հարաբերությունները ստուգված են ժամանակով։ Ես կասկածներ չունեմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգով։ Այս մասին «Արգումենտի ի ֆակտի» թերթի հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե հաջողվել է արդյոք Ռուսաստանին պահպանել ջերմ հարաբերությունները Հայաստանի հետ՝ չնայած Ղարաբաղում զինված հակամարտության՝ նրա համար անբարենպաստ ելքին։
«Մեր երկիրը միշտ պատրաստ է թիկունք լինել եղբայրական հայ ժողովրդին։ Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվեց 2020թ. աշնանը հասնել ռազմական դիմակայության դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում, գործի դնել իրավիճակի կարգավորման գործընթացը տարածաշրջանում։
Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին ամրագրված եռակողմ պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են։ Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար եւ սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացմանը, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը Հարավային Կովկասում։ Ռուսական աջակցությունը բարձր գնահատական է ստանում հայ բարեկամների կողմից։
Կարեւոր է նաեւ հասկանալ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում ղարաբաղյան թեմատիկայով։ Մենք աննախադեպ ակտիվ եւ վստահելի քաղաքական երկխոսություն ենք հաստատել բարձր եւ այլ մակարդակներում։ Միայն այս տարի մեր ղեկավարները հանդիպել են երկու անգամ, բազմաթիվ հեռախոսազրույցներ անցկացրել։ Մայիսի սկզբին ես այցով Երեւանում էի։ Իրականացվում են միջխորհրդարանական փոխանակումներ»,- նշել է Լավրովը։
Նախարարը նաեւ նշեց, որ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման նպատակով Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է մի քանի տասնյակ հազար «Սպուտնիկ V» պատվաստանյութ. «Քննարկում ենք հետագա աջակցության հարցը։ Հաջողությամբ զարգացնում ենք առեւտրային եւ տնտեսական կապերը, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության գծով ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մշտական հանդիպումները»։