Բելառուսը կարտոֆիլի սերմերի կեղծմամբ է զբաղվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։
«Այս երկիրը ամեն անգամ հայտարարում է կարտոֆիլի էլիտար սերմացուի մասին, թեեւ զբաղված է Եվրոպայից բերված սերմերի սովորական կեղծմամբ՝ պիտակը փոխելու միջոցով, եւ, այդ թվում հայ գյուղացիներին 1 կգ-ը 180 դրամով (30 ցենտ-խմբ.) սերմացու առաջարկելով։ Նրանք այդ սերմերն իրենցի անվան տակ վաճառելու իրավունք չունեն, քանի որ դա հիմնականում նիդեռլանդական ընկերությունների սեփականությունն է։
Եւ սա միայն կարտոֆիլը: Կարելի է պատկերացնել, թե ինչ է անում Բելառուսը այլ ուղղություններով։ Դա խաբեբաների երկիր է, որը ղեկավարում է մի մարդ, ով չի կարողացել գլուխ հանել խոհարարուհուց եւ հաղթել նրան (Տիխանովսկայա): Լուկաշենկոն մինչեւ հիմա պայքարում է նրա դեմ, վերցնում է ինքնաձիգը եւ քայլում փողոցներով։
Բելառուսում հողերը հիմնականում վարակված են, եւ այդ հողերում աճեցված սերմերը պետության հովանավորությամբ վաճառվում են այլ երկրներին։
Մենք հայ գյուղացիներին կոչ ենք արել զերծ մնալ նման սերմացու գնելուց։ Նրանք նորմալ բերք չեն ապահովի ու մի բան էլ հողը կվարակեն։
Մենք այնպես կանենք, որ բելառուսական կարտոֆիլի սերմերը չհասնեն հայ գյուղացուն։ Փոխարինման խնդիր մենք չունենք, եվրոպական ընկերությունները պատրաստ են հայ գյուղացուն սերմերով ապահովել։ Գինը կլինի ավելի բարձր, բայց որակն էլ բավական բարձր կլինի։
Մենք դիմել ենք իշխանություններին՝ պահանջելով խստացնել բելառուսական կարտոֆիլի կեղծ սերմերի ներկրումը։
Նաեւ ռուս ֆերմերներին եմ կոչ անում հետեւողականություն ցուցաբերել այս հարցում եւ թույլ չտալ, որ իրենց հողերը վարակվեն»,- ասաց Բերբերյանը։