ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից։
«Հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին:
Նշենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը ներառյալ գտնվելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում և մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը։