«Հայաստան» խմբակցության պատգամավորի օգնականը պատմեց, թե ինչպես է ձայներ լսել ու տեսել, թե ինչպես են ծեծում պատգամավորների օգնականներին։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովում այսօր ծեծկռտուք է եղել, զուգահեռ հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ: ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները ծեծել են «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին։
«Ես գնում էի մեր աշխատասենյակ, ձայներ լսեցի... Ծեծկռտուքը Ռուբեն Ռուբինյանի սենյակում էր։ Մեր տղաների հետ իբր խոսակցություն է եղել սենյակում, հավաքվել, ծեծել են: Ես ճանաչեցի Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանն էլ էր այնտեղ կանգնած, մեր տղաներին ծեծում էին», - ասաց նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը չի մասնակցել կռվին։
«Չգիտեմ՝ ով էր մեղավոր, չգիտեմ՝ ով է սկսել։ Երբ ես հասա դռների մոտ, ծեծկռտուքն արդեն սկսված էր», - ասաց նա։