Ամերիկահայերը շարունակում են բողոքի ակցիաներ անել՝ հաջակցություն շրջափակված Արցախի։ Այսօր նրանք նստացույց են արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի գրասենյակի մոտ։
Ակցիայի մասնակից Դավիթ Մնացականյանի խոսքով՝ աշխարհում բնակվում է մոտ 10 մլն հայ և այժմ ժամանակն է նոր մտավորականների հայտնաբերելու։ Նրա հավաստմամբ՝ իրենց բոլորի պահանջն Արցախի հարցի լուծումն է, ինչի համար էլ իրենք հավաքվել են կոնգրեսականի գրասենյակի մոտ։
«Ժամանակն է շրջագայելու և հավաքագրելու նոր որակ, նոր մոտեցում, որպեսզի կարողանանք մեր խոսքը հասցնել պատկան մարմիններին», - նշեց նա՝ շեշտելով, որ այժմ հայ ժողովրդին հարկավոր է նոր ձևաչափ, նոր մոտեցում ու իմաստալից ճանապարհային քարտեզ։
«Դրա համար հարկավոր է յուրաքանչյուր հայի ներգրավվածությունն ու ձեր անկեղծ սերը դեպի ձեր հայրենիքը, հողն ու պատմությունը», - նշեց ակցիայի մասնակիցը։
Նա նաև ընդգծեց, որ իրենք որևէ կուսակցություն չեն ներկայացնում, սակայն ամեն ինչ անելու են ամեն տեղ, բոլոր կոնգրեսականներին ու պատկան մարմիններին իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ օրեր շարունակ ամերիկահայերը բողոքի ակցիաներ էին իրականացնում` հաջակցություն Արցախի, իսկ երեկ նրանք հայտարարեցին, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել իրենց հետ։ Հայտնի է, որ Շիֆի և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է այսօր՝ օգոստոսի 11-ին։