ՀԱՊԿ-ը գործնականում ցույց տվեց իր ներուժը. Պուտին
Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ անվտանգության միասնական համակարգի ստեղծման երկարամյա աշխատանքը տալիս է իր արդյունքները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը գործնականում ցույց է տվել իր ներուժը, արագ, վճռական և արդյունավետ գործելու ունակությունը: Պուտինը նման հայտարարություն է արել այսօր ընթացող ՀԱՊԿ պետությունների ղեկավարների Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստում։

Պուտինի կարծիքով՝ վերջին օրերին ՀԱՊԿ ուժերի գործողությունները ցույց տվեցին, որ կառույցի շրջանակներում իրականացվող քրտնաջան աշխատանքը մասնակից պետությունների անվտանգության ամբողջական համակարգի, ներառյալ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման ուղղությամբ արդյունք է տվել:

«Կարևոր է, որ մեր երկրների զինվորականները պատրաստություն են անցնում միասնական ծրագրերով, սպառազինությունների, տեխնիկայի և կապի միասնական կամ համատեղելի նմուշներով են զինվում։ Խաղաղապահների հմտությունները կատարելագործվել են համատեղ զորավարժությունների ընթացքում, մասնավորապես, վերջերս անցկացված «Անխախտ եղբայրություն» զորավարժություններում, այդ թվում ՝ Սիրիայում ձեռք բերած ռուսական փորձի կիրառումից»,–ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նշել է, որ զորավարժություններին ցուցադրվել է հմտության և ներդաշնակության բարձր մակարդակ, և հենց նման մանրակրկիտ աշխատանքը թույլ տվեց խաղաղապահներին հնարավորինս սեղմ ժամկետներում և առավելագույն արդյունավետությամբ տեղափոխել Ղազախստան: Նա հավելել է, որ ռուսական կողմից զորակազմի կազմի մեջ են օդուժի առավել պատրաստված ստորաբաժանումները. նրանք բոլորն ունեն իրական մարտական փորձ։
Անդրադառնալով խաղաղապահների գործողությունները ղեկավարող ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովին` Պուտինը նշել է, որ նա գիտի իր գործը։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։