ՀԱՊԿ-ը Ղազախստանում ապացուցել է ցանկացած խնդիր լուծելու խաղաղապահների ուժը․ Սերդյուկով
Առաքելության ղեկավարն ասել է, որ ամենամեծ պարգևը հասարակ մարդկանցից երախտագիտության խոսքեր լսելն է։
 Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը ցույց տվեց, որ պայմանագրի երկրների զինծառայողները կարող են ամենակարճ ժամանակում ցանկացած խնդիր լուծել: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ առաքելության ավարտին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ նման կարծիք է հայտնել առաքելության ղեկավար, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Անդրեյ Սերդյուկովը:

«Մեկ անգամ չէ, որ մենք գործնականում ապացուցել ենք, որ միասնական ուժ ենք, որը կարող է համատեղ լուծել ամենաբարդ խնդիրները։ Այսօր էլ, շարքում կանգնած զինծառայողներն ուս ուսի կանգնել են եղբայրական ղազախ ժողովրդի պաշտպանության համար՝ թույլ չտալով հանցավոր և ահաբեկչական խմբավորումներին ոտնձգություն կատարել Ղազախստանի Սահմանադրական կարգի և ամբողջականության վրա», — ասել է Սերդյուկովը։

Նա ավելացրել է, որ խաղաղապահները կարճ ժամանակահատվածում կարողացել են ապահովել քաղաքացիների անվտանգությունը, օգնել կայունացնել իրավիճակն ու ապահովել կենսական նշանակության օբյեկտների անխափան աշխատանքը:
Սերդյուկովը շնորհակալություն է հայտնել անձնակազմին հստակ ու վճռական գործողությունների համար և ասել, որ երախտապարտ է Ղազախստանի պաշտպանության նախարարությանը բազմազգ խաղաղապահ զորակազմի կյանքի ու կենցաղի ապահովման գործում աջակցության համար:
«Ոչ մի ժողովրդի էլ պատերազմ պետք չէ։ Խնդիրներ կատարելիս՝ մենք հասարակ մարդկանց աչքերում անկեղծություն և բարյացակամություն ենք տեսել, բազմիցս խաղաղապահների հասցեին երախտագիտության խոսքեր ենք լսել։ Սա լավագույն պարգևն է յուրաքանչյուր զինծառայողի քրտնաջան աշխատանքի համար», - ավելացրել է գեներալը։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Հայտարարվել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: