Որակապես նոր ոստիկանության մասին խոսել եմ դեռևս երկու տարի առաջ՝ հստակ արձանագրելով, որ հրատապ խնդիր է հանրային գիտակցությունից դուրս մղել «Միլիցու», «գայիշնիկի» ՛ և այլ ստվերող ընկալումներն ու կարծրատիպերն ամբողջությամբ: Այս մասին գրառում է կատարել «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
«Այժմ մնում եմ նույն համոզմանը, որ ոստիկանությանը պետք է հանել տասնյամյակներ շարունակ կարծրացած «միլիցիայի» հոգեբանական փոսից և ձևավորել իրապես ազգային ոստիկանություն, որի յուրաքանչյուր աշխատակցի համար ամենից առաջ գերակա կլինի իրավունքի և օրինականության գերակայությունը՝ բացառելով որևէ հանդուրժողականություն հակաիրավական գործունեության նկատմամբ:
Օրինականության ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարում որակապես նոր ոստիկանության դերակատարությունը պետք է լինի առանցքային և էական, ուստի այդ ոստիկանությունը պետք է ձերբազատված լինի որևէ կոռուպցիոն սարդոստայնից ու ոչ ֆորմալ հիերարխիկ բուրգից։
Կասկած չունեմ, որ ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է նրա սերտ համագործակցությամբ հասարակության հետ՝ բանակցելու, խնդրելու, համոզելու, լուծման այլ տարբերակներ առաջարկելու, բարդ ու դժվար հարցերը հանդուրժողաբար լուծելու միջոցով:
Պատկերավոր ասված, ոստիկանությունը դա համազգեստով քաղաքացին է, իսկ քաղաքացին՝ ոստիկանությունը:
Այս փիլիսոփայությունը ենթադրում է, որ ոստիկանության գործունեությունը պետք է բխի օրենքից և հանրության շահերից, իսկ հանրությունը պետք է գիտակցի, որ ոստիկանությունը մարմին է, ով սպասարկում է միայն իր ու պետության շահերը:
Համարելով, որ նախազգուշացումը, հանցագործությունների և այլ հակաօրինական քայլերի կանխումն ու նախականխումը, հայտնաբերումն ու բացահայտումը, հասարակական կարգի ապահավումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը հանդիսանում են ոստիկանության սրբազան պարտականությունները, անհրաժեշտ է արձանագրել, որ այս կարևորագույն խնդիրների ճիշտ, արդարացի և օրենքի հիման վրա լուծումը ենթադրում է համապատասխան որակի ապահովում։
Այս տեսանկյունից ոստիկանության անձնակազմի կրթական, մասնագիտական, հոգեբանական լավագույն հատկանիշների վերափոխումն ու ոստիկանության շենքային պայմանների, հագուստի, կենցաղի, սոցիալական խնդիրների լուծումն ու համապատասխանեցումը արժանավայել ու բարեկեցիկ մակարդակի ապահովումը պետք է դառնա առաջնային հարց։
Հույս ունեմ, որ այդ ոստիկանության գործունեության արդյունքում տեսանելի ապագայում մենք կստեղծենք այնպիսի միջավայր, որում իսպառ վերացված կլինեն անձանց գլխին սարքելու, կաշառք վերցնելու, ոչ իրավաչափ հարկադրանքի ուժ կիրառելու, հանցավոր աշխարհի հետ ոչ ֆորմալ հաղորդակցվելու, նրանց գոյությունը չնկատելու տարիներ շարունակ արմատացած ախտը։
Հույս ունեմ, որ կստեղծենք այնպիսի «Police», որի յուրաքանչյուր աշխատակից հպարտորեն կկրի ոստիկանի համազգեստը և կծառայի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին․․․»,-գրել է նա։