Հանրահայտ Otros Aires-ը գալիս է Հայաստան

Տանգոյի բոլոր սիրահարներն արդեն տեղյակ են, որ հանրահայտ Otros Aires-ը գալիս է Հայաստան: Մինչ այս նման խումբ Հայաստան չի եկել։

Նրանք մայիսի 9-ին հանդես կգան Foodpark by Downtown-ում, մայիսի 10-ին` «Վան Արդի» գինեգործարանում, իսկ մայիսի 11-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նախագիծը իրականություն է դարձել տանգուերո, տանգոյի ուսուցիչ Արման Աստաբացյանի նախաձեռնությամբ:

«Otros Aires-ը աշխարհի ամենահայտնի խմբերից է էկելտրո֊տանգո ոճում։ Հայ հանդիսատեսին նուեվո-տանգոյից հայտնի են նաեւ Gotan Project-ը եւ Աստոր Պիացոլան։ Համաշխարային շրջագայության ընթացքում Otros Aires-ը հիմա ունենալու է 21 համերգ` այդ թվում երեքը Հայաստանում: Նրանք շատ ոգեւորված են, ամբողջ խումբը սպասում է Հայաստանի համերգներին»,- նշում է Արման Աստաբացյանը:

20 տարվա բեմական գործունեության ընթացքում նրանք թողարկել են 8 ձայնասկավառակ, համերգային շրջագայությունների թիվը 45-ն է:

Տանգոն ինքնին յուրահատուկ աշխարհ է: Յուրաքանչյուր համերգային երեկո տարբերվելու է մյուսից՝ ծրագրով և էներգետիկայով, այնպես որ՝ խորհուրդ է տրվում ներկա գտնվել երեք համերգին էլ: Էլեկտրո տանգոյի սիրահարներին սպասվում են անմոռանալի երեկոներ, իսկ շոուն հագեցած կլինի պրոյեկցիոն աուդիովիզուալ ցուցադրություններով եւ դիտարժան տանգո պերֆորմանսներով։