Այս տարվա մարտի 16-ին Google-ից «հերթական ավետիսը» ստացանք։ Ընդհանրացված սա են ասում․
Հարգելի գործընկերներ, 2023թ հուլիսի 1-ից Google Analytics Universal-ի փոխարեն դուք կօգտվեք GA4-ից։
Փորձենք հասկանալ պատճառները, և ի՞նչ է փոփոխում ու ինչո՞ւ է Google-ը փոփոխում Google Analytics-ը
Նախ եկեք անդադառնանք պատմությանը։ Այո, տարիներն անցնում են, իսկ մենք չենք էլ նկատում, որ Google Analytics-ն էլ արդեն 17 տարի վաղեմություն ունեցող տեխնոլոգիա է, կամ էլ դրա հիմքով է աշխատում։
Google Analytics-ը գործարկվել է 2005 թվականի նոյեմբերի 14-ին՝ Google-ի կողմից Urchin Software-ի ձեռքբերման արդյունքում: Google-ը շատ արագ դարձավ գերիշխող, որովհետև Google Analytics-ն անվճար էր, դա այն ժամանակի համար աննախադեպ էր: Բոլորս սկսեցինք ստանալ շատ բարձր որակի, պրոֆեսիոնալ, հասկանալի գրաֆիկներով ու ցուցիչներով ծառայություն ու լրիվ անվճար։
Բայց ինչպե՞ս է աշխատում GA Universal տեխնոլոգիան։ Դրա հիմքում քուքիներն են, ու հիթերի (սեսիայի) հաշվարկը։
Անհատական տվյալների պաշտպանության ու քուքիների կիրառման խնդիրներ
Նախ պարզենք, թե ինչ են քուքիները (cookie)։
Դրանք փոքր տեքստ ֆայլեր են, որոնք հավաքում և պահում են օգտատիրոջ տվյալները: Վեբ սերվերները չեն կարող ինքնուրույն պահպանել տվյալները, ուստի քուքիները օգնում են կայքերին հիշել օգտատերերի գործունեությունը:
Դրանց երկու տիպի են բաժանում, առաջին կողմի և երրորդ կողմի։
Առաջին կողմի քուքին ստեղծվում և օգտագործվում է մեկ տիրույթում (domain), ու հավաքագրված տվյալները չի փոխանցում երրորդ անձանց։ Օրինակ, երբ գրանցվում եք ինչ-որ կայքում ու այն հիշում է ձեր մուտքանունն ու գաղտնաբառը, դա առաջին կողմի քուքիի միջոցով է արվում։ Սրանց օգտագործումն ընդունելի է։
Երրորդ կողմի քուքիները ստեղծվում են մեկ տիրույթում, սակայն տարածվում են երրորդ տիրույթներում, և հավաքագրում տեղեկություններ օգտատերերից, որպեսզի, օրինակ, նրանց ցուցադրեն թիրախավորված գովազդ։ Սրանց օգտագործումը որոշ պետություններում անընդունելի է։
Երրորդ կողմի քուքիները Google Analytics Universal-ում, ու դրանց «հալածանքը» աշխարհում
Կայքի ֆութերում տեղադրվում է GA Universal-ի javascript-ի կոդը։ Այն սկսում է հավաքագրել բրաուզերում կատարված գործողությունները տվյալ կայքում քուքիների միջոցով։ Տվյալներ հավաքելը նորմալ է, եթե անհատական տվյալների պաշտպանության հարց չառաջանա։ Ի դեպ, Հայաստանում թե բնակչությունը, թե կառավարությունը սրան ուշադրություն չեն դարձնում։ Հավատացեք, տվյալների պաշտպանությունն ու կիբեռանվտանգությունն այսօր կարևորագույն խնդիրներից է։ 2021-2025 թթ․ ակնկալվող ծախսերն այս ոլորտում մոտ 2 տրիլիոն դոլար են կազմելու։ ԵՄ-ում, կամ ԱՄՆ-ում անհատական տվյալների պաշտպանության շատ խիստ կարգավորումներ են կիրառվում, և դրանց խախտման դեպքում բազմամիլիոնանոց տուգանքներ են կիրառվում։ 2021-ին ԵՄ-ն Google-ին տուգանել է 2,8 մլրդ դոլարով General Data Protection Regulation (GDPR) անհամապատասխանությունների համար: ԵՄ շատ պետություններ անօրինական են ճանաչել Google Analytics-ի կիրառումը իրենց տարածքում։ Այս տարվա փետրվարին դա արել է, օրինակ, Ֆրանսիան։ Այստեղ ցանկանում եմ շեշտել, որ GA Universal-ի օգտագործումը ոչ թե վտանգավոր է համարվում կիբեռանվտանգության տեսակետից, այլ անընդունելի է համարվում դրա կատարած գործողությունը։ Այն է ԵՄ քաղաքացիների անհատական տվյալների փոխանցումը մեկ այլ պետության օրենսդրության ներքո գործող կորպորացիայի, որն այս դեպքում Google-ն է։
Տեխնոլոգիաների փոփոխություն
Բացի քուքիների «հալածանքի» պատճառից կա նաև մեկ այլ մեծ խնդիր։ GA Universal-ը մշակելիս հեղինակները ինտերնետին միացված որպես հիմնական սարք տեսել են համակարգիչներն ու նոութբուքերը, իսկ այս 17 տարիներում վեբի օգտագործելիությունն ու օգտագործման վարքաբանությունը լրիվ փոխվել է մոբայլների օգտագործման հետևանքով։ Այսօր ինտերնետ թրաֆիկի 70 տոկոսը պատկանում է մոբայլ սարքերին։ Google-ը դեռ 2015թ-ից հայտարարեց, որ իր ծառայությունները մատուցելիս նախապատվություն է տալու մոբայլի հետ համատեղելի վեբկայքերին և այլ պրոդուկտներին (Mobile first)։
Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, նայեք ձեր դեսքթոփին։ Այն ուղղանկուն է, որի օգտագործումը նախատեսված է հորիզոնական դիրքով։
Այժմ վերցրեք ձեր մոբայլը։ Դուք այն այն պահում եք ուղղահայաց, ճի՞շտ է։
Սա նշանակում է, որ օրինակ Full HD-ն՝ 1920x1080px-ը, մոբայլում 1080x1920px է։
Սա իր հերթին նշանակում է, որ ձեր կայքը պետք է այդ փոխակերպումը բրոուզերի, օրինակ՝ Google Chrome-ի համար ապահովի, ու եթե չի ապահովում, ապա այդ դեպքում Google-ն ավելի շատ էներգիա է ծախսում, ու նաև սխալ է հավաքագրում մոբայլից կայքի օգտագործման տվյալները։ Մոբայլի զարգացման արդյունքում մեր նոր առաջնային 1080x1920px էկրանների համար ստեղծվել են նոր template-ներ (կաղապար), ու նոր տեխնոլոգիաներ, որոնց օգտագործման տվյալները գրանցելիս սեսիաների հիմքով հաշվարկը թերի է ստացվում։
Օրինակ, եթե 1 սեսիայի ընթացքում օգտատերը դիտում է 1-ից ավելի տեսանյութ, ապա այն միևնույն է դիտարկվում է որպես 1 կոնվերսիա։ Հետևաբար ստացվում է, որ թիրախավորված նպատակի (goal) տվյալները թերի ենք ստանում։
Ի՞նչ է փոփոխվել
Google-ն արդեն բազմիցս հայտարարել է, որ GA4-ում հաշվի են առնվել անհատական տվյալների պաշտպանության կարգավորումների օրենքները, որոնցից են GDPR-ը և California Consumer Privacy Act-ը (CCPA) և այն ամբողջությամբ համապատասխանում է դրանց։
GA4-ն արդեն գործում է բետա տարբերակով։ Այն, ի տարբերություն GA Universal-ի, չի պահպանում IP հասցեները, հիմնվում է միայն առաջին կողմի քուքիների վրա։
Եթե արդեն սկսել եք կիրառել GA4-ը, ապա նկատել եք, որ GA Universal-ի GA4-ի թվերը չեն համընկնում։ Ինչպես նշում է Google-ի նախկին աշխատակից Կրիստա Զայդենը․ «Սա պարզապես թարմացում չէ, սա նոր Google Analytics է»։
Իմ կարծիքով, սա Google Analytics-ի չափահասության քննությունն է։ 18 տարեկանում Google Analytics-ը սկսում է աշխարհին նայել այլ տեսանկյունից։
Ամենակարևոր փոփոխությունը տվյալների հավաքագրման եղանակն է:
Universal Analytics-ն օգտագործում է սեսիայի վրա հիմնված տվյալների մոդելը (օգտագործողի փոխազդեցությունների հավաքածու տվյալ ժամանակահատվածում) և հավաքում է տվյալներ որպես տարբեր հարվածների (օգտագործողի փոխազդեցություն) տեսակներ այս նիստերի ընթացքում:
GA4-ը հիմնված է օգտատերերի վրա և հավաքում է տվյալներ իրադարձությունների (event) տեսքով:
Յուրաքանչյուր իրադարձություն ունի եզակի անուն (event_name parameter), որն օգտագործվում է իրադարձությունը նույնականացնելու համար, ինչպես նաև լրացուցիչ պարամետրեր՝ իրադարձությունը նկարագրելու համար:
Օրինակ, երբ ինչ-որ մեկը դիտում է ձեր կայքի էջերից մեկը, գործարկվում է page_view իրադարձություն:
Google Analytics 4-ի իրադարձությունները չունեն Կատեգորիա (Category), Գործողություն (Action) և Պիտակ (Label) հասկացություն և, ի տարբերություն Universal Analytics-ի հաշվետվությունների, Google Analytics 4-ի հաշվետվությունները չեն ցուցադրում Կատեգորիա, Գործողություն և Պիտակ: Հետևաբար, ավելի ճիշտ կլինի վերանայել ձեր տվյալների հավաքագրումը Google Analytics 4 մոդելի տեսանկյունից, այլ ոչ թե ձեր գոյություն ունեցող իվենթների կառուցվածքը տեղափոխել Google Analytics 4:
Ինչպես արդեն նշվեց, Page View GA4-ում դարձել է page_view event Google Analytics 4 հատկություններում: Page_view իրադարձությունը ավտոմատ կերպով գործարկվում է config gtag հրամանով կամ Google Analytics 4 կոնֆիգուրացիայի թեգով Google Tag Manager-ում:
Pageview ատրիբուտներում ավելացել է նոր page_referrer ատրիբուտը։
Ավելացել է նաև Screenview իրադարձությունը։ Սա Pageview-ի անալոգն է հավելվածների համար։ Google Analytics 4 հատկություններում screen_view իրադարձությունը գործարկվում է ամեն անգամ, երբ օգտատերը դիտում է էկրանը:
Session-ը (սեսիա, նիստ) կրկին իրադարձություն է դարձել։ Google Analytics 4-ի սեսիայի չափորոշիչները բխում են session_start իրադարձությունից։ Այն ավտոմատ է հավաքագրվում: Ի տարբերություն Universal Analytics-ի, որում սեսիան տևում է 30 րոպե, ու դրանում ներառվում են տարբեր գործողություններ, Google Analytics 4-ում սեսիայի տևողությունը հիմնված է սեսիայի առաջին և վերջին իվենթի միջև ընկած ժամանակահատվածի վրա:
Active user-ի (օգտատիրոջ) գործունեությունը ավտոմատ կերպով հայտնաբերվում է Google Analytics 4-ում: Օգտատերը կարող է գործարկել հավելված և համարվել ակտիվ օգտատեր Google Analytics 4-ում, բայց ոչ Universal Analytics-ում: Սա կարող է հանգեցնել Google Analytics 4-ի ակտիվ օգտատերերի ավելի մեծ թվի:
Google Analytics Universal, թե՞ Google Analytics 4
Հոդվածում փորձեցի ներկայացնել Google Analytics-ի փոփոխությունների պատճառահետևանքային կապն ու առկա փոփոխությունները։ Դրանք և այլ նորամուծություններն ավելի շատ են։ Ուսումնասիրեք, անպայման պետք կգա։
Իմ կարծիքով, Google Analytics 4-ը, որպես նոր պրոդուկտ շատ ավելի ժամանակակից է, ու դրանում հաշվի են առնված շուկայի շատ պահանջներ։ Բացի դրանից, այն զարգացվում է այսօրվա ինտերնետ թրաֆիկի տրամաբանությանը համապատասխան։ Հիշու՞մ եք, երբ 2021-ի ավարտին Cloudflare-ը հայտարարեց, թե իր տվյալներով TikTok-ն օգտագործմամբ անցել է նույնիսկ Google-ին։ Սակայն այլ վիճակագրականներով նման բան չկա։ Այստեղ արդեն հարց է առաջանում, իսկ ով, ինչպե՞ս ու ինչ է հաշվում։
Մենք պետք է գիտակցենք, որ ապրում ենք տվյալների հավաքագրման դարաշրջանում, ու որ այսօր այն ամենաթանկարժեք բանն է։ Որքան էլ ծանր լինի հին Google Analytics Universal-ից հրաժարվելը, նոր գործիքին տիրապետելն անհրաժեշտություն է։