Գլենդելի քաղաքային խորհրդում ներկայացրել ենք Արցախի ցեղասպանված ժողովրդի վիճակը, Հայրենիք վերադարձի և այնտեղ անվտանգ ու արժանապատիվ կյանքի համար մեր պայքարի շարունակման վճռականությունը. Արտակ Բեգլարյան
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Ի թիվս մի շարք այլ հանդիպումների ու միջոցառումների՝ երեկ հյուրընկալվել ենք Գլենդելի քաղաքային խորհրդում: Մենք հակիրճ ներկայացրել ենք Արցախի ցեղասպանված ժողովրդի վիճակը, Հայրենիք վերադարձի և այնտեղ անվտանգ ու արժանապատիվ կյանքի համար մեր պայքարի շարունակման վճռականությունը:
Ողջունելի է, որ հենց այդ նիստում ներկայացվեց բանաձևի նախագիծ, որը հստակ գնահատականներ է հնչեցնում Արցախի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ՝ ընդգծելով պատասխանատուներին միջազգային պատժի ենթարկելու և Արցախի տեղահանված ժողովրդի անվտանգ վերադարձն ապահովելու անհրաժեշտությունը: Արցախին ու Հայաստանին աջակցելու կոչեր էլ կան փաստաթղթում՝ ուղղված ԱՄՆ իշխանություններին: Նախագիծը կքննարկվի և, վստահ եմ, կընդունվի հաջորդ շաբաթվա նիստում:
Լոս Անջելեսից հետո մեկնելու ենք Վաշինգտոն և Նյու Յորք՝ «120,000 պատճառ» կոալիցիայի աջակցությամբ մի շարք կարևոր հանդիպումներ ու միջոցառումներ ունենալու նպատակով», - ասված է հրապարակման մեջ։