Գիշերը կրակոցներ են հնչել Ստեփանակերտում
Կրակողը խոստովանել է, որ հուզական ծանր ապրումների մեջ է եղել. եղբայրը պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած է համարվում։
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այս գիշեր կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասը ժամը 04:45-ի սահմանում հաղորդում է ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցում լսվել են ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ:
Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ իրենց տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։
Վերջինս բերման է ենթարկվել, կամավոր հանձնել զենքը և խոստովանել, որ գտնվել է հուզական ծանր ապրումների մեջ, անհավասարակշիռ վիճակում, քանի որ պատերազմից հետո իր եղբայրը մինչ օրս անհետ կորած է համարվում։