Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատումն ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրման դիմաց: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող ՀՀ 15 քաղաքացիների ազատումը, ինչպես նաեւ՝ Հայաստանի կողմից Ֆիզուլիի եւ Զանգիլանի շրջաններում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը»,- նշել են նախարարությունում:
Ֆրանսիայի կարծիքով, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, «այս փոխանակումը, ինչպես եւ նախորդը, որը տեղի ունեցավ հունիսի 11-ին, կարեւոր քայլ էր կողմերի միջեւ լարվածության նվազեցման եւ վստահության վերականգնման ուղղությամբ»: «Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝բովանդակալից երկխոսության վերականգնումը եւ բոլոր հայ գերիների ազատ արձակումը»,- ընդգծել են նախարարությունում:
«Ֆրանսիան Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին կոչ է անում շարունակել այս դրական դինամիկան եւ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ նպաստելու երկարաժամկետ խաղաղությանը Կովկասում»,- նշել են ԱԳՆ-ում: