Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի մատակարարումը առանց որևէ նախապայմանի՝ հարգելով այնտեղի բնակչության իրավունքները»,- ասվում է կոմյունիկեի մեջ։

Փարիզը նաև հիշեցրել է «2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը»։

«Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- ասված է Ֆրանսիայի նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել էին իբր որպես բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ավտոճանապարհը։ 

Մինչդեռ Երևանում մի քանի հարյուր մարդ, հիմնականում ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեկտեմբերի 13-ին բողոքի ցույց են անցկացրել Երևանի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Ցուցարարները պահանջում էին քաղաքական գործիքների կիրառումը՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար, որը Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է։