Էսկալացիայի սրացման դեպքում ՌԴ-ն էլ է տարբեր սցենարներ դիտարկում. Պեսկովը՝ Նուլանդին
Մոսկվան հույս ունի, որ այս շաբաթ ամերիկյան կողմին կհաջողվի «ինչ-որ բան գրավոր ձևակերպել»։
Ռուսաստանը, ինչպես և ԱՄՆ-ը, Ուկրաինայի պատճառով էսկալացիայի սրացման դեպքում իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ է դիտարկում , սակայն կարծում է, որ դրանք պետք է 18-ից պակաս լինեն, որոնց մասին խոսել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Նուլանդը Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում 18 տարբեր գործողությունների սցենար է մշակել։
«Մենք գիտենք, որ տիկին Նուլանդը 18 սցենար ունի։ Մենք տարբեր սցենարներ ենք քննարկում, կարծում ենք, որ դրանք պետք է ավելի քիչ լինեն, քանի որ մեզ մոտ հարցադրում շատ կոռեկտ է, այստեղ ամեն ինչ այդքան էլ բարդ չէ, պետք չէ բարդացնել։ Հարցը շատ ուղիղ և շատ կոնկրետ ձևակերպված է», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Նրա խոսքով ՝ Մոսկվան հույս ունի, որ այս շաբաթ ամերիկյան կողմին կհաջողվի «ինչ-որ բան գրավոր ձևակերպել»:
Ռուսաստանը բազմիցս հերքել է «ագրեսիվ գործողությունների» մեջ իրեն ուղղված Արևմուտքի և Ուկրաինայի մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի կողմից ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։ ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ նշում էին, որ Արևմուտքի այն հայտարարությունները, թե իրենք կօգնեն Կիևին պաշտպանվել «ռուսական ագրեսիայից», ուղղակի ծիծաղելի և վտանգավոր են։