Բոլոր՝ չորս օլիմպիականներն էլ պատրաստ են մեդալային պայքարին: Հավատում եմ նրանց 100 տոկոսով:
Այս մասին ասել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Կարեն Ասլանյանն (67 կգ) ու Արմեն Մելիքյանը (60 կգ) շարունակում են Խաղերի նախապատրաստական փուլը: Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ օլիմպիականները Հայաստանի հավաքականի հետ միասին հերթական ուսումնամարզական հավաքն են անցնում Երեւանի «Օլիմպավանում»՝ Օլիմպիական խաղերին ընդառաջ: Օրեր անց ըմբիշները հիմնական ծանրաբեռնված հավաքը կանցկացնեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում: Դա կլինի օլիմպիականների նախավերջին հավաքը Տոկիո մեկնելուց առաջ:
Տոկիո-2020-ում Հայաստանը ներկայացնող ըմբիշներն անցկացնում են օրական երկու մարզում: Օլիմպիական թիմին օգնում են Հայաստանի հավաքականի բոլոր անդամները: Oլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ սպարինգ գոտեմարտեր անցկացնելու նպատակով Հայաստան է հրավիրվել Ուկրաինայի հավաքականի անդամ, 97 կգ քաշային Անդրեյ Դիկտարյովը: Նա Արթուր Ալեքսանյանին կօգնի մինչեւ Օլիմպիական խաղեր:
Հայաստանի օլիմպիական թիմի հետ Երեւանի հավաքին մասնակցում է նաեւ Բրազիլիան ներկայացնող Էդգար Սողոմոնյանը: Էդուարդ Սահակյանի նախկին սանը հանդես է գալիս 130 կգ քաշային կարգում եւ Բրազիլիայի հավաքականի կազմում նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր: