ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հունից դուրս եկավ, երբ Եռաբլուրում լրագրողները նրանց հարց ուղղեցին Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել:
«15 զինծառայող կացարանում այրվեցին, ձեզ մեղավոր չե՞ք համարում»,- հետաքրքրվեց լրագրողը:
«Դուք դատավոր չեք ինձ համար, որ ինձ նման հարցեր եք ուղղում: Խոսափողները հեռու պահեք, ազատեք իմ ճանապարհը ու գնացեք ձեր գործերին», - վրդովվեց ԳՇ պետը:
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:
Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:
Հրդեհի հետևանքով նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
15 զինվորի մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը։