Շեքսպիրի ավանդը մեծ է հատկապես դրամատուրգիայի զարգացման մեջ, սակայն քչերը գիտեն, որ մեծանուն հեղինակի ստեղծագործությունների շուրջ անգլիական գրականագիտության մեջ ընթանում են լուրջ ուսումնասիրություններ և թեժ մարտեր։
Բանն այն է, որ ուսումնասիրողների մի ստվար զանգված փաստում է, որ իր ստեղծագործությունների հեղինակը բնավ էլ ինքը՝ Ստրատֆորդում ծնված Շեքսպիրը չէ, այլ… կան մի քանի վարկածներ, թե ով է իրական հեղինակը։
Շեքսպիրագետները բաժանվում են 2 խմբի՝ ստրատֆորդցիներ (համոզված են, որ Շեքսպիրն է իր ստեղծագործությունների հեղինակը) և օքսֆորդցիներ (համոզված են, որ Շեքսպիրը չէ իր ստեղծագործությունների հեղինակը)։
Նշեմ նրանց փաստարկներից մի քանիսը, որոնցից առաջինը կապված է Շեքսպիրի անվան ուղղագրության հետ, որը նա ամեն անգամ տարբեր ձև է ստորագրել՝ Shaksper, Shakspeare, Shakspere և նրա դուստրերն անգամ գրվել են Shakspere։ Մյուս կարևոր փաստարկը Շեքսպիրի թերի կրթությունն է, աղքատ նիստուկացը, անկիրթ ընտանիքն ու նաև այն, որ իր դուստրերը ևս կրթություն չեն ստացել, որը անընդունելի երևույթ է գրողի ընտանիքում։
Այնուհետև՝ նկարագրված պատկերներն ու վայրերը։ Օրինակ «Ռոմեո և Ջուլիետ» -ում մանրամասնորեն նկարագրված են Վենետիկի մի շարք փողոցներ և վայրեր, որոնք անհնար է նկարագրել, եթե գոնե մեկ անգամ չես այցելել Վենետիկ, իսկ Շեքսպիրի կենսագրության մեջ երբևէ չի նշվել ոչ միայն Իտալիա, այլ նաև որևէ այլ երկիր իր շրջագայության մասին։
Զարմանալին նաև այն է, որ չկա որևէ վկայություն, որ կփաստի Շեքսպիրի և իր ժամանակակիցների հանդիպումների ու շփումների մասին։
Շեքսպիրի կտակի բառապաշարը բացարձակ չի համապատասխանում նրա պոետիկ բառապաշարին և, բացի այդ, նրանում չկա որևէ տող գրված իր ստեղծագործական ժառանգության մասին, մինչդեռ նա այդ պահին ուներ 18 չտպագրված պիես…
Մինչդեռ նրանք, ովքեր հավատում և ընդունում են, որ հենց Ստրատֆորդում ծնված Շեքսպիրն է բոլոր ստեղծագործությունների հեղինակը, օքսֆորդցիներին համարում են հերետիկոսներ, քանի որ, ըստ իրենց, ինչպես Աստծո, այնպես էլ Շեքսպիրի հարցը անքննելի է։
Այնուամենայնիվ, թե ով է «իրական» Շեքսպիրը վարկածները շատ են՝ կին հեղինակից մինչև բարձրաստիճան պալատական, որոնց շրջանում այդ ժամանակ գրելը համարվել է ամոթալի և անգամ պատժվել է, իսկ օքֆորդցիները մինչ օրս չեն կարողանում կոնկրետ պատասխանել իրենց իսկ կողմից առաջադրված հարցին։
Ինչևէ, ժամանակը կպարզի, թեև ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում, իսկ մեզ մնում է միայն հիանալ այն գրական ժառանգությամբ, որ թողել է իրական կամ կեղծանունով հանդես եկող Շեքսպիրը…
Արմինե Մուրադյան