«Գաղափարից դեպի իրագործում» խորագրի ներքո սեպտեմբերի 5-ին Դիլիջանում մեկնարկեց Buissup Global Forum-ը՝ մեկ հարթակի շուրջ համախմբելով երիտասարդ ու սկսնակ գործարարներին և ստարտափերներին՝ կիսվելու իրենց փորձով և գաղափարներով։ Անվճար բիզնես Ֆորումն իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: «Հայ գործարարների ասոցացիա»-ի էքսպերտային խմբի ջանքերով ընտրված 50 նախագծերը 7 օրվա ընթացքում կկատարելագործվեն և կներկայացվեն ինվեստորներին, իսկ լավագույնները վերջում կկարողանան խոշոր ներդրումներ ներգրավել և ներկայանալ միջազգային հարթակներում։
Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ հնարավորն անում են, որ հաջողակ հայ գործարարները համախմբվեն՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության ու ներդրումային հնարավորությունների զարգացման։
«Մեզ համար շատ կարևոր է, որ ծրագիրը լինի ինովացիոն և ծագումնաբանությունը լինի հայկական, այսինքն, ծրագիրը ստեղծվի Հայաստանում և նպաստի տնտեսության զարգացմանը։ Մենք օգնում ենք, որ հետագայում ներկայացված ծրագրերը դառնան միջազգային»,- ասաց Գոհար Ղումաշյանը։
Buissup Global Forum-ի խոսնակների ու մենթորների թվում են այնպիսի հմուտ մասնագետներ, ինչպիսիք են Smart-ի հիմնադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը, Origanum ընկերության հիմնադիր Ֆլորա Վարդանյանը, Signum խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Նիկա Մանուկովան, ռիսկերի կառավարման մասնագետ, IMC Armenia-ի անդամ Տիգրան Պողոսյանը, Smartclick-ի օպերացիոն տնօրեն Արևիկ Գասպարյանը, Export Armenia ասոցիացիայի համահիմանդիր Նարեկ Ալեքսանյանը և ուրիշներ։
Buissup Global Forum-ի հաղթող ճանաչված նախագծերը հնարավորություն կստանան մասնակցելու սեպտեմբերի 20-ին Երևանում կայանալիք Armenian Business Forum 2022 ամենամյա առաջատար գործարար համաժողովին, որտեղ համագործակցության հուշագիր կկնքեն իրենց ներդրողների հետ։
Buissup Global Forum-ի հիմնական մենթոր Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ ներկայացված նախագծերն ունեն դեպի գլոբալ շուկա գնալու միտումներ, իսկ Buissup Global Forum-ը նաև այդ մասին է՝ ցույց տալ այն ճանապարհը, որը համաշխարհային շուկայում կբացի հաջողութան դռները հայկական ծագման նախագծերի համար։
Buissup-ը ծրագիր է, որը չի ավարտվում գրանտով, Buissup-ը շարունակական բնույթ կրող և երկար գնացող ճանապարհ է, որը սովորեցնելու է երիտասարդ գործարարներին, թե ինչպես և ինչ սկզբունքներով ճիշտ աշխատել ներդրողի հետ, կատարելագործել իրենց նախագծերը և նոր տնտեսական իրականության պայմաններում երկրների միջև կայուն գործընկերություն ստեղծելու հնարավորություն ընձեռել։
Այսպիսով՝ շուրջ 50 նախագիծ՝ ինովացիոն ոլորտից մինչև բժշկություն, կրթություն մինչև ռոբոտաշինություն, սպասում են իրենց կատարելագործմանը և միջազգային շուկաներ գրավելու հերթին։