Դեկտեմբերի 5-ին«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի մասնակից բոլոր 16 պետության ներկայացուցիչներն արդեն կլինեն Հայաստանում, և երեկոյան կվառեն քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։
«Ամանորն այս տարի մոտենում է եվրատեսիլյան շնչով և հրաշքի մեծագույն սպասումով:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը, և կվառվեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը և Առաջին ալիքը հրավիրում են բոլորին՝ վայելելու նոր, ինքնատիպ, տոնական մյուզիքլը, ինչպես նաև մասնակցելու «Մանկական Եվրատեսիլի» կարմիր գորգի արարողությանը», - ասվում է «Մանկական Եվրատեսիլի» ինստագամյան էջում:
Դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա մրցութային ամենասպասված տոնը, որը երկրորդ անգամ կհյուրընկալվի Հայաստանի մայրաքաղաքում։
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում ներկայացնում է 14-ամյա Նարե Ղազարյանը՝ DANCE!/«Պարիր» երգով։