2022 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։
«Նիստին մասնակցել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներ և հարազատներ, ինչպես նաև հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները:
Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ գեներալ-մայոր Արմեն Աբազյանի կողմից նշվել են այն առաջնահերթությունները, որոնք ի հայտ էին եկել հանձնաժողովի նախորդ նիստից հետո կատարված աշխատանքների ամփոփման և վերլուծության արդյունքում: Հատկապես կարևորվել են գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց վերաբերյալ հարցերի իրավական կարգավորման անհրաժեշտությունը և որոշվել է կոնկրետ քայլեր ձեռնարկել ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ համապատասխան օրենքի հայեցակարգի նախագծի մշակման ուղղությամբ:
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարազատների հետ մշտական կապ ապահովելու նպատակով հստակ հանձնարարություններ են տրվել: Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան աշխատակիցների միջոցով կապահովվի ծնողների ու հարազատների դիմումների և առաջարկությունների ստացման և արձանագրման գործընթացը՝ աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով: