Դատական համակարգում խոր ճգնաժամ է. Թագուհի Թովմասյանը դիմել է ԵՄ դեսպաններին
Ընդդիմադիր պատգամավորը արդարացի արձագանք է ակնկալում եվրոպացիներից։
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել է դատաիրավական ոլորտում տեղի ունեցող մտահոգություններով Եվրոպական երկրների դեսպաններին ու ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությանը: Նա այդ մասին հայտնել է Facebook–ի իր էջում։
Թովմասյանը եվրոպական կառույցների ուշադրությունը հրավիրել է մեր երկրի դատական համակարգում ստեղծված խոր ճգնաժամի վրա, որն ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ դատական մարմինների նկատմամբ ոտնձգությունները կատարվում են իշխանությունների համար անցանկալի դատավորների նկատմամբ։ Հարուցվում են կարգապահական վարույթներ, քրեական հետապնդումներ։ Թովմասյանը օրինակ է բերում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերջին որոշումը` կապելով դա «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորումը մերժելու մասին Բախշիյանի կայացրած որոշման հետ։
«Պետք է արձանագրենք, որ սա բացահայտ ոտնձգություն է դատարանների անկախ գործունեության նկատմամբ և մեծ մտահոգության և հիասթափության առիթ։ Այն նախևառաջ առնչվում է մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության հիմքերի խախտմանը»,– նշված է Թովմասյանի նամակում։
Ընդդիմադիր պատգամավորը հայտնում է, որ ԵՄ դեսպաններից և ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությունից ակնկալում է արդարացի արձագանք և համապատասխան օբյեկտիվ գնահատական ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք` Բորիս Բախշիյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։