Եթե 60 հազար դոլարով զինծառայությունից ազատվելու մասին տխրահռչակ օրինագիծը հանկարծ անցնի, ապա մարդիկ սկսելու են միմյանց ավելի շատ ատել, թշնամանքով են լցվելու իրար նկատմամբ, դիմելու են ամեն միջոցի, անգամ տունն են վաճառելու, որ փող ստեղծեն ու իրենց զավակներին բանակից ազատեն։ Եվ դա վերջնականապես ջարդելու է բանակի ողնաշարը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն՝ անդրադառնալով ՊՆ-ի նոր նախագծին, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե բավականին մեծ գումար վճարելու պայմանով:
«Փաստորեն, ասում են՝ եթե ունես փող, կարող ես քո որդուն ազատել, իսկ եթե չունես փող, թող գնա, երկու տարի սահման պահի։ Դա առանց այն էլ պառակտված հասարակությանը լրիվ է պառակտելու, մարդկանց՝ թշնամացնելու։ Ստացվում է՝ հայրենիքի պաշտպանությունը թողնվում է միայն աղքատների վրա։ Մի կերպ պահած, մեծացրած երեխաները, եթե զգան, որ մենակ են մնացել հայրենիքը պաշտպանելու գործում, ի՞նչ ոգով պիտի կանգնեն սահմանին ու պաշտպանեն երկիրը»,-ասել է Արցախյան ազատամարտի հրամանատարներից Մանվել Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի դեպքում փողով ծառայությունից ազատված հարուստները չեն կանգնելու սահմանին՝ աղքատի կողքին, և այդ հարցում գերմանացիների հետ համեմատվելու եզրեր անգամ չկան։
«Պետությունը պահողը, այդ թվում՝ երկրի պաշտպանությունն ապահովողը, միջին խավն է։ Աղքատներն էլ միայնակ չեն կարող պաշտպանել երկիրը, առավել ևս, եթե զգան, որ միայնակ են այդ գործում, անտեսված ու ստորացված։ Միջին խավն էլ ուժեղ է, եթե հասարակական-քաղաքական ղեկավարումը նրա ձեռքում է և ոչ թե մի խումբ իշխանավորների, որոնք ասում են՝ եթե ուզում ես, կարող ես փողով ազատվել ծառայությունից։ Ես ամենևին չեմ թերագնահատում աղքատների հայրենասիրությունը, ուղղակի որքա՞ն պետք է ամուր լինի նրանց ոգին, եթե միանյակ լինեն սահմանին կանգնած»,-ասել է Մանվել Եղիազարյանը։
Նրա կարծիքով՝ այս ամենը միտումնավոր է արվում, որպեսզի հասարակությունն է՛լ ավելի պառակտվի, բանակի ողնաշարն էլ լրիվ ջարդվի։