Դա իրենց երկրին վերաբերող հայտարարություն է. ՀՀ ԱԺ փոխխոսնակը` Լուկաշենկոյի ասածի մասին
ԱԺ փոխնախագահը նաև վստահեցրեց, որ Հայաստանում որևէ միության միավորվելու հարց չի քննարկվում։
Հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք, և որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա։ Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը` Հայաստանի ապագայի վերաբերյալ։
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ համակարծիք է այսօր ԱԳՆ–ի տարածած հայտարարության հետ։
«Ես չեմ ցանկանում նման հայտարարություններին արձագանքել, տարբեր ժամանակներում այդ կարգի հայտարարություններ եղել են։ Դրանք իրենց երկրի ներքաղաքական հարցերին վերաբերող հայտարարություններ են։ Հայաստանում որևէ կերպ նման հարցեր չեն քննարկվում»,– ասաց Արշակյանը։
ԱԺ փոխնախագահը նաև վստահեցրեց, որ Հայաստանում որևէ միության միավորվելու հարց չի քննարկվում։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման հարցին, մասնավորապես, նշել էր. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»։
ՀՀ արտգործնախարարությունն այսօր անդրադարձել է Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը։
Նշվել էր, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ։