Ցուցարար դպրոցականին գնդակահարել են Իրանում

Երեքշաբթի 17-ամյա դպրոցականը զոհվել է  Իրանի մեծությամբ երկրորդ՝ Մեշհեդ քաղաքում։ Ինչպես գրել է «Բի-բի-սի»-ն, նա հակակառավարական ցույցերի ժամանակ մոտ տարածությունից գնդակահարվել է պետական զորքերի կողմից։

Աբոլֆազլ Ադինեզադեի մահվան վկայագրում նշվել է, որ նա մահացել է լյարդի եւ երիկամների աշխատանքի խանգարումներից, որոնք առաջացել են հրազենային վիրավորման հետեւանքով։ Բժշկի գնահատմամբ՝ տարածությունը, որից հոկտեմբերի 8-ին կրակել եէի դեռահասի վրա, մեկ մետրից էլ քիչ է եղել։

Իշխանությունները որեւէ կերպ չեն մեկնաբանում Մեշհեդում դեռահասի մահը։ Աբոլֆազլի հայրը տղայի թաղման՝ սոցցանցերում տեղակայված հուզիչ տեսագրությունում ասել է. «Ի՞նչ հանցանք էր նա կատարել, որ դուք նրա վրա 24 փամփուշտ եք արձակել»։

Իրանում բողոքները սկսվել են Մահսա Ամինիի մահվանից հետո. աղջիկը ոստիկանության կողմից ձերբակալվել էր սեպտեմբերի 16-ին։ Հինգշաբթի օրը Ամինիի ընտանիքի փաստաբանները հերքել են պաշտոնական բժշկական եզրակացությունը, որում նշված էր, որ 22-ամյա աղջկա մահը ծեծի հետեւանք չի եղել, որին նա ենթարկվել էր կալանքի տակ գտնվելու ժամանակ։