ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դերը Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների առաջխաղացման գործում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություն իրականացնել: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։
«Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դերը հաշտեցման խթանման և բանակցությունների անցկացումը խթանելու գործում, ինչպես նաև պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրականացնի անհրաժեշտ միջնորդությունը», - ասել է նա:
Վան Ին ընդգծել է, որ Պեկինը որոշակի աշխատանք է կատարել բանակցությունների առաջխաղացման ուղղությամբ և սերտ կապեր է պահպանում բոլոր կողմերի հետ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։