Չինաստանն ու Բելգիան ստեղծում են համատեղ շոկոլադե արտադրանք

Հարավչինական Հայնան նահանգի արեւելյան ափի Վանին քաղաքում Չինաստանի տրոպիկական գյուղատնտեսական գիտությունների ակադեմիային (CATAS) կից Համեմունքների եւ ըմպելիքների գիտահետազոտական ինստիտուտը Pierre Marcolini բելգիական բրենդի հետ համատեղ ստեղծել են շոկոլադե նոր պորդուկտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հայնանից բարձրակարգ կակաոյից նոր պրոդուկտը ստեղծված է բարձր արդյունավետությամբ բնապահպանական տեխնոլոգիաների հիման վրա: Այն մշակված է՝ հաշվի առնելով չափորոշիչները, որոնցով առաջնորդվում է միջազգային սպառողը շոկոլադի լավագույն տեսակներն ընտրելիս»,-հայտարարել է CATAS-ի Համեմունքների եւ ըմպելիքների գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Խաո Չաոյունը:

Նրա խոսքով՝ ինստիտուտը պատրաստվում է ակտիվորեն նպաստել համալիր նախագծերի առաջխաղացմանը, որոնք կապահովեն սերտ փոխազդեցություն ագրարային արտադրողների, արդյունաբերական գործարանների եւ առաջատար առեւտրային հարթակների միջեւ:

Ինչպես տեղեկացրել են արտադրողները, Հայնանի կակաոյից Pierre Marcolini-ի հետ համատեղ պատրաստված շոկոլադի փաթեթավորման վրա գրված է «Չինաստան-Հայնան»: վերոնշյալ նույնանուն բրենդի հեղինակ Պյեռ Մարկոլինիի խոսքով՝ նոր պրոդուկտն իր մեջ կհամատեղի կղզու գեղատեսիլ վայրերի գեղեցկությունն ու անկրկնելի կոլորիտը: