Բուլղարիան աշնանը ռուսական գազի փոխարեն Ադրբեջանից գազի կստանա

Բուլղարիան ակնկալում է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական գազ ստանալ Interconnector Greece-Bulgaria-ի (IGB) միջոցով: Հունաստան կատարած այցի ժամանակ ասել է Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը։

Նա հիշեցրել է, որ IGB-ն շահագործման կհանձնվի հունիսի վերջին, իսկ սեպտեմբերից կոնեկտորի միջով ադրբեջանական գազ կանցնի։ Բուլղարիայի համար, նրա խոսքով, դա ավելի ցածր գներ եւ ավելի մեծ էներգետիկ անկախություն կնշանակի: Անցած ձմռանը որպես գազի գնի բարձրացման պատճառ, նա նշեց ադրբեջանական գազն IGB-ով տեղափոխելու անհնարինությունը։

2022 թվականի մարտի վերջին IGB օպերատորը հայտարարեց, որ IGB-ն արդեն միացված է Անդրադրիատիկ գազատարին (TAP), որն ապագայում Բուլղարիային առաջին անգամ հնարավորություն կտա օգտվելու Ադրբեջանից գազից։ Ինտերկոնեկտորի գործարկումը նախատեսվում է 2022 թվականի հուլիսին, ինչը Բուլղարիային թույլ կտա ուղիղ կերպով ստանալ ադրբեջանական գազը։ Հենց IGB-ն գործարկվի, այն սկզբնական շրջանում Բուլղարիային տարեկան 1 մլրդ խմ գազ կտրամադրի՝ հետագայում մինչեւ տարեկան 3 մլրդ խմ ավելացմամբ::

Ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա (Իտալիա, Հունաստան եւ Բուլղարիա) սկսվել էին 2020 թվականի դեկտեմբերի 31-ին TAP գազատարով։ Սակայն իներկոնեկտորի բացակայության պատճառով Բուլղարիա ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը նախատեսվածից 4 անգամ պակաս էր:

Այժմ ադրբեջանական գազը Բուլղարիա է մատակարարվում տարեկան 3.68 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գոյություն ունեցող գծով Հունաստանի հետ Կուլա-Սիդիրոկաստրո սահմանային կետում։ Սա խիստ սահմանափակում է Բուլղարիա ադրբեջանական գազի ներկրման հնարավորությունները եւ թույլ է տալիս տարեկան ընդամենը 250-300 մլն խմ մատակարարել։

Ապրիլի 27-ի առավոտյան «Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրեց գազի մատակարարումը Bulgargaz-ին (Բուլղարիա) և PGNiG-ին (Լեհաստան)՝ գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով: