Բաքվում պահվող հայ բանտարկյալների վերադարձն ազգային արժանապատվության հարց է, News.am-ին տված հարցազրույցում ասել է միջազգային իրավունքի փորձագետ, Փարիզի Պանթեոն-Ասսաս համալսարանի դոցենտ, կառավարությունների իրավական խորհրդատու Ֆիլիպ- Րաֆֆի Քալֆայանը:
-Ադրբեջանը շարունակում է 23 հայերի ապօրինի պահել Բաքվի բանտերում: Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի կողմից Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ողղված դիմումից տեղեկացանք, որ նրա նկատմամբ խոշտանգումներ են եղել: Վստահաբար, խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի են ենթարկվում մյուս հայ բանտարկյալները: Ըստ Ձեզ՝ այս պարագայում ի՞նչ պետք է անի պետությունը իր քաղաքացիներին պաշտպանելու համար, ի՞նչ անելիք ունեն իրավապաշտպան կազմակերպություններն ու ՀԿ-ները, և ի՞նչ պետք է անի Սփյուռքը:
-Ես երեք նկատառում ունեմ Ձեր հարցերի առնչությամբ։ Նախ, կասկած չկա, որ ազգությամբ հայ գերիները նախկինում ենթարկվել են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ ռազմագերիները։ Այդ դեպքերից մի քանիսը փաստաթղթավորված են և զեկուցվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ 2024 թվականի ապրիլի վերջին նստաշրջանի ժամանակ: Կոմիտեն, պարբերական դիտարկումների շրջանակում, դիտարկում էր իրավիճակն Ադրբեջանում։
Այն եզրահանգել էր հետևյալը․ «Հանձնաժողովն անհանգստացած էր զինված հակամարտությունների և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում էթնիկ և ազգային պատկանելությամբ հայերի նկատմամբ ենթադրյալ արտադատական սպանությունների, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, ինչպես նաև այդ մեղադրանքների հետաքննության և դատական հետապնդման բացակայության պատճառով»: Այն նաև մտահոգություն էր հայտնել ահաբեկչության և հարակից հանցագործությունների համար 23 հայերի շարունակական կալանքի կապակցությամբ:
Կոմիտեն Ադրբեջանին կոչ էր արել ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրության ցանկացած խախտում անընդունելի է, ինչպես նաև կոչ էր արել անկախ, անաչառ, թափանցիկ ու արդյունավետ հետաքննություն անցկացնել՝ լրջագույն խախտումների կասկածանքների վերաբերյալ, և հորդորել էր մասնակից պետությանը պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրակացություններն ավելի ուժեղ իրավական ուժ ունեն, քան ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերով կիրառվող ցանկացած ընթացակարգ (Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը դրանցից մեկն է): Ադրբեջանը պարտավոր է պատասխանել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին, քանի որ հանդիսանում է «Խոշտանգումները և դաժան վերաբերմունքն արգելող» կոնվենցիայի կողմ:
Այդուհանդերձ բոլոր խողովակները՝ լինեն դրանք պայմանագրով նախատեսված մարմիններ, թե հատուկ ընթացակարգեր, ՀԿ-ները պետք է օգտագործեն տարածաշրջանային (եվրոպական) և միջազգային ֆորումներում: Միջազգային իրավունքի խախտման յուրաքանչյուր արձանագրություն շատ կարևոր տարր է Ադրբեջանի դեմ ընթացիկ և ապագա դատական գործընթացների, ինչպես նաև ամբողջ աշխարհում կառավարությունների, օրենսդիր մարմինների և միջկառավարական հաստատությունների իրազեկման համար: Այստեղ է, որ Սփյուռքը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ապարատը պետք է գործեն համատեղ ու համաձայնեցված կերպով։
Երկրորդ, ինչ վերաբերում է ձերբակալված և բանտարկված ութ նախկին պաշտոնյաներին, շատ մանրամասներ հայտնի չեն։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանների դիմումի մեջ, որն ուղղված էր ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ հարցերով հատուկ զեկուցողին, նշվում էր Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ կապված կալանքի պայմանների հետ, և պատժիչ միջոցների մասին, որոնք կիրառվել են՝ ի պատասխան Վարդանյանի հացադուլ հայտարարելուն։
Դաժան վերաբերմունքը բավականին տարածված պրակտիկա է ավտորիտար երկրներում։ Սակայն, այստեղ հատկապես տագնապալին այն է, որ Ադրբեջանը վարում է հայատյացության պաշտոնական քաղաքականություն, որն առավելապես ցցուն է արցախահայերի նկատմամբ, որոնք ներկայացվում են որպես վատագույն չարիքներ։
Դաժան վերաբերմունքի այդ բոլոր ձևերը, ըստ Կոնվենցիայի, հավասարեցված են խոշտանգումների հետ: Ըստ էության, այդ անձանց կամայական ձերբակալությունն ու կալանավորումը և նրանց դեմ ներկայացված՝ ահաբեկչության հետ կապված շինծու մեղադրանքները, հայերի նկատմամբ ատելությունն արդեն իսկ դաժան վերաբերմունքի միջավայր են ստեղծում։ Իմանալով, որ այդ մեղադրանքներն Ադրբեջանում շատ խստորեն պատժվում են և հաշվի առնելով այդ երկրում արդար դատավարության կառուցվածքային բացակայությունը, կարող ենք ասել, որ բանտարկյալներն իսկապես ենթարկվում են հոգեկան դաժան վերաբերմունքի, քանի որ նրանք չեն կարող արդարադատության հետ հույսեր կապել․ նրանց մնում է պարզապես հույսը դնել միջազգային հանրության կողմից քաղաքական ճնշումների վրա: Ես վստահ չեմ, որ «միջազգային հանրություն» կոչվածն այս պահին գոյություն ունի, հատկապես երբ դա վերաբերում է միջազգային իրավունքի խախտումներին։
Հայաստանի Հանրապետությունը շատ տեղեկություններ չի հաղորդում բանտարկյալների մասին։ Փոխարենը գործող իշխանություններն անգամ ոչ պատշաճ ու անընդունելի խոսքեր են ասում արցախցիների ու նրանց ղեկավարների հասցեին։ Մնում է միայն հուսալ, որ 23 հայտնի բանտարկյալների ճակատագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների մաս է կազմում։ Եթե այդպես չէ, ուրեմն դա հանցագործություն կլինի։
Երրորդ, Ձեր հարցադրման մեջ ասվում է, որ բանտարկյալներն ունեն ՀՀ քաղաքացու կարգավիճակ, բայց հաշվի առնելով այդ հարցի շուրջ հանրային քննարկումները, որոնք բացահայտեցին քաղաքացիության և անձնագրի միջև առկա նրբությունները, ինչպես նաև ներկայիս կառավարության քաղաքականությունը, որը փորձում է կառուցել մի պետություն, որտեղ ազգություն չկա, հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունն այդ բանտարկյալներին համարում է ՀՀ քաղաքացիներ, որոնց պարտավոր է պաշտպանելու։
Ես ի սկզբանե հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ոչ մի խաղաղ պայմանագիր կամ համաձայնագիր չպետք է երբեէ կնքվի՝ մինչև մեր բանտարկյալները չվերադառնան: Սա ազգային արժանապատվության հարց է և վստահության ամրապնդում՝ քաղաքացիների և կառավարության միջև: Սա նաև ընդունված պրակտիկա է պետությունների մեծ մասում: Դուք երբեք չեք տեսնի, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսրայելը և մյուս երկրները խաղաղության համաձայնագիր կնքեն թշնամական կողմի հետ այն պարագայում, երբ իրենց քաղաքացիները պատանդառված են:
Հետևաբար, Ձեր հարցին իմ պատասխանը զուտ քաղաքական է. Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, չպետք է երբևէ թույլ տար, որ այս իրավիճակը տեղի ունենար՝ ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբերի վերջերին տեղի ունեցած նախկին պաշտոնյաների ձերբակալությունը: Դեռևս հանելուկ է մնում, թե ինչպես պատահեց, որ Արցախի նախկին շատ պաշտոնյաներ կարողացան հատել սահմանը, մինչդեռ որոշները՝ ձերբակալվեցին։
Սրանից կարելի է հետևություն անել է, որ պատշաճ կերպով չեն բանակցվել կապիտուլյացիայի պայմանները։ Հայաստանը համաձայնել է Արցախը հանձնել Ադրբեջանին՝ առանց ԲՈԼՈՐ արցախցիների ազատ տեղափոխությունն ապահովելու։ Ցանկացած պետություն, որը կարևորում է ազգային արժանապատվությունը, պետք է պաշտպանի իր քաղաքացիներին, և գերիների ու պատանդների վերադարձը սահմանի որպես դիվանագիտական առաջնահերթություն։
-Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը վերջերս հայտարարեց, որ Հայաստանին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ին: Նրանք նաև ամենուր հայտարարում են, թե իբր COP29-ը պետք է դառնա «Խաղաղության COP», բայց շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները ու ապօրինի կերպով պահել հայերին: Արդյոք սա լավ առիթ չէ՞, որպեսզի Հայաստանը, որպես Ադրբեջանի իրական խաղաղ մտադրության երաշխիք, պահանջի հետ վերադարձնել հայ պատանդներին ու գերիներին:
-Ձեր հարցի մեջ չի նշվում այն փաստը, որ Հայաստանն արդեն ստացել է փոխհատուցում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը (COP29) հյուրընկալելու Ադրբեջանի հայտին աջակցելու համար ։ Այս աջակցության շնորհիվ ազատ են արձակվել 32 հայ զինծառայողներ։ Ադրբեջանը համատեղ հայտարարության մեջ պնդում է, որ սա ժեստ է, որն «առաջնորդվել է մարդասիրական արժեքներով և բարի կամքի դրսևորմամբ»։ Հետեւաբար, Հայաստանն այլեւս չի կարող այդ խաղաքարտն օգտագործել։ Սա արդեն այլ պետությունների անելիքն է՝ բոյկոտելու COP29-ը Ադրբեջանում, եթե բանտարկյալներն ու պատանդները մինչև համաժողովի բացումն ազատ չարձակվեն: Այդ բանտարկյալների կամայական ձերբակալությունների ու կալանավորման, Ադրբեջանի կողմից նրանց խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին արդեն իսկ կան բավարար փաստական և իրավական արձանագրություններ, որպեսզի արդարացվի այդ դիրքորոշումը։ Բացի այդ, համընդհանուր հայտնի իրողություն է, որ Ադրբեջանում չկա օրենքի գերակայություն, չկա անկախ դատական համակարգ և չկան անկախ իրավաբաններ:
-Վերջերս Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կոչ արեց միանալ արշավին, որն ուղղված է նրան, որ COP-29-ում դիտարկվեն ոչ միայն կլիմայի փոփոխության, այլև մարդու իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման հարցերը: Ինչպե՞ս եք գնահատում նման նախաձեռնությունը:
-Օկամպոյի հայտարարությունը համապատասխանում է իմ վերոնշյալ պատասխանին: Ես ողջունում եմ այդ կոչը, բայց ամոթալի եմ համարում այն, որ պարոն Օկամպոն պետք է հրապարակեր այդ բաց նամակը, որ ստիպեր հայերին թե Հայաստանում, թե սփյուռքում տեղից շարժվել:
Նրա կոչը նշանակում է. «Հայեր, եթե դուք քայլեր չեք ձեռնարկում Բաքվի բանտերից հայ պատանդների և քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման ուղղղությամբ՝ COP29-ի գագաթնաժողովին ընդառաջ, ապա մյուսները չեն կարող օգնել»։ (Այս հայտարարությունը միանգամայն ճիշտ է բանտարկյալների հարցի, ինչպես նաև Հայաստանի պետական այլ գործերի վարման տեսանկյունից):
Ինչպես նշվեց վերևում, Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, այլևս չի կարող այդ խաղաքարտը խաղարկել, քանի որ համատեղ հայտարարությամբ աջակցել է Ադրբեջանի հայտին՝ առանց նախապայմանների։ Մնացած հայ ռազմագերիների կամ քաղբանտարկյալների ազատ արձակման մասին ոչինչ չի նշվում։
Իմ կարծիքն այն է, որ մնացած բանտարկյալները, հատկապես Արցախի նախկին ղեկավարները, պատանդ են մնալու Ադրբեջանում այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն իր Սահմանադրությունից չի հանել Արցախի գոյությունը։ Պատանդ վերցնելն անարդար է միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց սա հաղթող կողմից պարտադրվում է պարտված կողմին, որն անձնավորված է Հայաստանի վարչապետի կերպարով։ Ադրբեջանի նպատակն է վերջնականապես նվաստացնել հայերին և չեղարկել անկախ Արցախի մասին բոլոր երազանքները. Արցախի նախկին ղեկավարներին ադրբեջանական բանտերում պատանդ պահելն ու դատապարտելը նպատակ ունի ոչնչացնելու դիմադրության ցանկացած գաղափար։