Բաքվի վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով. հրատարակվել է Աննա Աստվածատուրյան-Թերքոթի «Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքը
Ամերիկահայ գրող և իրավաբան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը հրատարակել է Բաքվի ջարդերի, բնաջնջման և ազգային բռնության մասին «Արտաքսում. դեպի անհայտություն» հայերեն թարգմանությամբ գիրքը, որն արտացոլում է ադրբեջանական վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով: Այն ընթերցողներին կներկայացվի հոկտեմբերի 1-ին:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ընդգծեց, որ գրքում ներկայացնում է իր սեփական ապրումները, թե ինչպես 8 տարեկան աղջնակը դարձավ վայրագության ամենադաժան դրսևորումների ականատեսը։
«1988-ին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց տարավ համակեցության և մարդկային կարեկցանքի մասին բոլոր միֆերը։ Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու և օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Ես այն գրել եմ, երբ դեռ մոտավոր 14 տարեկան էի: Այն նախ գրվեց ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո՝ դարձավ գիրք, ադրբեջանական վայրագությունները ներկայացվեցին փախստական աղջնակի աչքերով: Ես շատ էի վախենում, որ իմ երեխաները, թոռները չեն իմանա, թե մենք որտեղից ենք եկել, և ես այս գիրքը գրել եմ, առաջին հերթին, իրենց համար: Բայց հետագայում ինձ առաջարկեցին այն հանրայնացնել»,- ասաց հեղինակը:
Նա նշեց, որ իր համար շատ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ գիրքը պետք է հրատարակվեր և՛ անգլերենով, և; ռուսերենով, որպեսզի շատերին հասանելի լիներ:
«Դա շատ կարևոր էր ինձ համար, հատկապես պատերազմից հետո, որովհետև Արցախում տեղի ունեցած պատերազմի հետևանքով այնտեղ ապրող երեխաները տառապում էին այնպես՝ ինչպես ես Բաքվում՝ տարիներ առաջ: Ի սկզբանե չէինք նախատեսում թարգմանել հայերեն, քանի որ կարծում էի՝ Հայաստանում բոլորը գիտեն մեր պատմությունը: Սակայն, պատերազմից հետո շատ երիտասարդների հետ շփվելու արդյունքում հասկացա, որ երիտասարդներից շատ քչերը գիտեն այդ դեպքերի մասին: Դա եղավ պատճառ և որոշվեց գիրքը թարգմանել նաև հայերեն»,- ասաց նա։
Գրքի թարգմանիչ Անուշ Մուրադյանն ասաց, որ գիրքը բավականին հեշտ է թարգմանվել, քանի որ այն գրված է սովորական առօրյա լեզվով՝ գրողի հիշողությունները, նրա օրագրից՝ մանրամասներ:
«Հետաքրքրությամբ թարգմանեցի: Տպավորիչ էին այն հատվածները, թե ինչպես է նկարագրում իրենց այգին, որտեղ սիրել է իր ժամանակն անցկացնել, նկարագրում է թթենու տակ ընկերներով իրենց հավաքների և իր մանկական առաջին սիրո մասին: Այս և էլի շատ հետաքրքիր դրվագներ է սպասվում ընթերցողներին»,- ասաց Անուշ Մուրադյանը:
Աննա Աստվածատուրյան-Թերքոթն այս գրքում Բաքվի հայերի ջարդերի, բնաջնջման և ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից։
Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի