Բանակի թուլացումը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ, սրանից հետո ինձ ինչ ուզում են, թող անեն, չի հետաքրքրում. դասակի հրամանատարը՝ ՊՆ վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության մասին

Դեպքը տեղի ունեցավ տեղում անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման պատճառով. բենզին են օգտագործել, բայց տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքում Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորական զորամասում հրդեհից զոհված զինծառայողների դասակի հրամանատարը:


Ըստ նրա՝ ներսում եղել է 21 մարդ. 15-ը մահացել են, 3-ը վիրավոր են, ևս 4 զինծառայող եղել է դրսում:

Անդրադառնալով կառավարության նիստում առաջ քաշված վարկածին, որ սպան փորձել է բենզինով վառել վառարանը, ապա ինքն է այրվել ու 5 լիտրանոց տարան նետել է կացարանի կողմը, հրամանատարն ասաց. «Դա միայն վարկած է, ես չեմ կարող ասել, դա քննչական մարմիններից կարող եք ճշտել»:

Հարցին՝ ով է եղել այդ ենթադրյալ սպան, որ բենզինը լցրել է վառարանի մեջ, նա արձագանքեց. «Ո՞վ է ենթադրում, զոհերի թիվը շատ է, ավելի լավ է վարկածներով չխոսենք: Ես ունեմ իմ սուբյեկտիվ վարկածները, որը չեմ կարող բարձրաձայնել: Սա այդ դեպքը չի: Եթե կա մահ, չեմ կարող ստեղծել վարկած ու բարձրաձայնել: Վառարանը միշտ էլ վառված է եղել, երեւի կրակը թեժացնելու համար է կիրառվել բենզինը, եթե ելնենք այդ վարկածից: Ջեռուցելու համար հիմնականում օգտագործում ենք ցախ, քարածուխ, գազ չկա»:

Հրամանատարն անդրադարձավ նաև պատասխանատվության խնդրին: Նա նշեց, որ բանակի թուլացումը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ:

«Սրանից հետո ինձ ինչ ուզում է՝ թող անեն, ինձ չի հետաքրքրում, ծնողներին պատասխան, որ չես կարողանում տալ, դրանից վատ բան չկա»,- ասաց նա:

Ըստ նրա՝ տրամաբանական չէ, որ պաշտոններից ազատվել են կորպուսի հրամանատարը, նրա տեղակալը, սակայն հրաժարական չեն տվել պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը. «Պետք է քննությունը մինչեւ վերջ տարվի, մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Այս բարդակի պատասխանուն բոլորս ենք, այդ թվում՝ դուք, ես՝ որպես սպա և այլն»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ: