ԱԺ–ում երկուստեք անթույլատրելի բառապաշար է. ՄԻՊ–ը` ԱԺ ելույթների մասին
Քրիստինե Գրիգորյանը լարվում է ոչ թե ԱԺ–ում հնչող բառերից, այլ երևույթից։
 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անթույլատրելի է համարում ԱԺ–ում պատգամավորների և կառավարության անդամների բառապաշարը։ Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպես կորակի, օրինակ, մարտի 2-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գրանցված միջադեպը։
Երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր տվել` օգտագործելով «հողերը հանձնել» արտահայտությունը։ Փաշինյանը հունից դուրս էր եկել և ի պատասխան ասել, թե իրեն «հող հանձնելու» մեջ մեղադրողների հետ ինքը մատ թափ տալով է խոսել ու այդպես էլ շարունակելու է։ «Ձեր չափն իմացեք, թափ կտամ մատ և ոչ միայն մատ»,– ասել էր նա ու լքել ամբիոնը։ Այս արտահայտությունը քննարկման թեմա է դարձել սոցցանցերում։
«Ընդհանրապես մեր երկրում և Ազգային ժողովում սուր է արտահայտվում քաղաքական բանավեճը, ընդ որում` երկուստեք։ Այն շատ բևեռացված է, ու անթույլատրելի բառապաշար է օգտագործվում։ Ինքս ընտրության ընթացքում առաջարկել եմ ատելության խոսքի հակազդման ուղղված քննարկումներ անցկացնել ԱԺ պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների և առհասարակ քաղաքական գործիչների մասնակցությամբ, որպեսզի նիստերի դահլիճում բառապաշարի հետ կապված կանոններ սահմանվեն»,– ասաց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ ինքը լարվում է ոչ թե հնչող բառերից, այլ երևույթից, և հիմա այդ ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու։