«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն առաջարկում են պարզեցնել 44-օրյա պատերազմում զոհված և ինքնությունը չպարզված անձանց ժառանգության ընդունման կարգը։
Պատգամավոր Լենա Նազարյանը նկատեց, որ ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, սակայն այն դեպքում, երբ անձը մահացել է կոնկրետ հայտնի ժամանակահատվածում (պատերազմ, աղետ) և վեց ամսվա ընթացքում անձի ինքնությունը չի պարզվել, ժառանգություն ընդունելը դառնում է շատ բարդ:
«Այս խնդրին ՀՀ քաղաքացիները բախվել են 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, երբ զոհվածների ինքնությունը չի պարզվել: Խնդրին լուծում է առաջարկվում այսպես՝ եթե քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման պահը համարել ոչ թե մահվան, այլ մահվան պետական գրանցման օրը», – նշեց Նազարյանը:
Պատգամավորը հավելեց, որ այս լուծումը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ արդեն իսկ կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական վկայագիր ստանալու` նոտարին ուղղված դիմումը։
Հարցի քննարկման համար սահմանվել է 24–ժամյա ռեժիմ։