ԱԺ հանձնաժողովը չաջակցեց «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագծին

Այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովը չաջակցեց Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վավերացրած այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծին։ «Կողմ» քվեարկեց 4 պատգամավոր, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 6 պատգամավոր ձեռնպահ մնաց։

Հայտարարության նախագծում, մասնավորապես, ասվում է․      

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խորին մտահոգություն է հայտնում Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից օկուպացված Շուշի քաղաքում 2021 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի վավերացման կապակցությամբ։  

Հռչակագրով հաստատվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական միությունը «Մեկ ազգ՝ երկու պետություն» հայեցակարգի շրջանակում։    

Թեեւ փաստաթղթում ասվում է, որ այն չի ստեղծվել երրորդ կողմի դեմ, այնուամենայնիվ, դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի դեմ։ Այն ամրագրում է Արցախի դեմ 44-օրյա ագրեսիա ծավալած երկու պետությունների ռազմավարական նպատակները՝ ուղղված Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Ցեղասպանություն վերապրած եւ ամբողջ աշխարհում սփռված հայ ժողովրդի իրավունքների դեմ։

Հռչակագրում օգտագործված «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը ցույց է տալիս, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հրապարակավ պայմանավորվածություններ են ձեռք բերում համատեղ էքսպանսիոնիստական ծրագրերի իրականացման շուրջ։

Դատապարտման է արժանի նաեւ երկու պետությունների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ համատեղ պայքարի հարցում, որը ենթադրում է հարցի բովանդակության խեղաթյուրում եւ տեղափոխում պատմական ուսումնասիրությունների դաշտ։

«Շուշիի հռչակագիրը» հիմնված է ոչ թե ՄԱԿ-ի կանոնադրության կամ ԵԱՀԿ-ի ընդունած անվտանգության սկզբունքի, այլ «ռասայական անվտանգության» մոտեցման վրա։ Սա հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Համաձայն 1969թ․ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են եւ չեն կարող ունենալ որեւէ միջազգային լեգիտիմություն։ 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.

«Շուշիի հռչակագիրը լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»։