Այսօրվանից մեկնարկում է Փրկչի հրաշափառ Հարությանը նախորդող Ավագ Շաբաթը

Ավագ Շաբաթվա խորհրդի վերաբերյալ արցախցի մի խումբ  երիտասարդների հետ հանդիպմանը ՀԱՍԵ Արցախի թեմի ՔԴԿ տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը  նշել է, որ Սուրբ Հարության հրաշավառ օրվան հասնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է Մեծ Պահքի փորձություններով լի երկարատև ճանապարհը:

« Այս ամենի պսակը Սուրբ Հարության շաբաթն է, որը կոչվում է Ավագ կամ Մեծ, որում   խտացած է Քրիստոսի աշխարհ գալու նպատակը։ Աստված դարձավ մեզ նման մարդ, ով կրեց մարդկային ամեն մի տանջանք ու նեղություն, բացի մեղքից: Այդ ճանապարհն անցնելով՝ Նա որպես փրկագին տվեց իր աստվածամարդկային սրբացած արյունը»,-ասել է հոգևոր հայրը:

Ըստ նրա՝  Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։

Շաբաթ օրը՝ երեկոյան, մատուցվում է Քրիստոսի Հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ 

«Երիտասարդության շրջանում, ովքեր չեն հասցրել միանալ Մեծ Պահքի շրջանին, Ավագ Շաբաթը ապաշխարելու հնարավորություն կտա»,- տեղեկացրել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը: