Այսօր ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս, օդաչու Էդուարդ Խաչիկյանը


Էդուարդ Վազգենի Խաչիկյան

Ծնվել է 1960թ-ի օգոստոսի 14-ին Երևանում: 1979թ. ընդունվել է Ուկրաինայի Վոլչանսկի քաղաքացիական ավիացիայի ուղղաթիռային օդաչուական ուսումնարանը: 1985թ-ին տեղափոխվել է Հայաստան և աշխատանքի անցել հայկական ավիացիայի Երևանի միավորման ավիաջոկատում: 
Էդուարդը ծնողների միակ որդին էր, միշտ սիրված, միշտ ուշադրության կենտրոնում:  Հայր չուներ, բայց մայրը և հարազատները ամեն ինչ արել էին, որ երեխան չզգար հոր պակասը, մեծանար ու դառնար հասարակությանը պիտանի լիարժեք քաղաքացի: Դեռ մանկության տարիներին տղան աչքի էր ընկնում իր համառությամբ, որի շնորհիվ հասնում էր գրեթե այն ամենին, ինչին ձգտում էր: Նրա մանկական երևակայությունը ամբողջովին տարվել էր օդաչու դառնալու հեռանկարով: Էդուարդը կիրթ էր, բարի, սիրում էր մարդկանց, սիրում էր կյանքը` իր բոլոր դժվարություններով, սիրում էր ռոք երաժշտություն, միշտ երազում էր պարաշյուտով թռչել: Շատ էր սիրում մորը, բայց երկու մեծ սեր էլ կար նրա հոգում՝ մեկն իր ժողովուրդն էր, մյուսը՝ հայրենիքը, հողը, ջուրը, հայոց երկինքը:
Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրվանից նա ամբողջովին իրեն նվիրեց հայրենիքին։ Ուղղաթիռով հասնում էր Արցախ` տանելով անհրաժեշտ բեռներ, կամավորական ջոկատներ։ Այնտեղից դուրս էր բերում վիրավոր և զոհված ազատամարտիկների, փրկում հարյուրավոր կյանքեր: 

1992թ. սեպտեմբերի 29-ին Շահումյանում մարտական առաջադրանքը կատարելիս ընկել է հերոսի մահով։ Աճյունն ամփոփված է Եռաբլուրում իր մարտական ընկերների կողքին: 

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։