Այսօր՝ հուլիսի 2-ին մեծ գերմանացի բանաստեղծ, արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեի ծննդյան օրն է․․․
Մի աղջկա
Ինձ համար բոլոր ծաղիկներից Ամենասիրելին
ես դու,
Քաղցր ու մանկական է համը քո
բերանի,
Անմեղությամբ ու ուրախությամբ
լի է քո ժպտուն հայացքը:
Ես առնում եմ քեզ, ծաղի՛կ, երազանքներիս
մեջ,
Այնտեղ՝ գունագեղ ու դայլայլող
Կախարդական բույսերի մեջ,
Քո հայրենիքն է, այնտեղ դու չես
թոշնի երբեք,
Մշտնջենական ծաղկունք է այնտեղ՝
իմ հոգու սիրո բանաստեղծության մեջ,
Եվ քո երիտասարդությունը՝ հարատև
մտերմիկ բուրմունքով:
Շատ կանանց եմ ես ճանաչել, Շատերին՝
ցավով սիրել,
Շատերին ցավ եմ պատճառել,
Հիմա՝ հրաժեշտի պահին, ողջունում
եմ ես քեզ
Մի անգամ ևս կախարդանքի ողջ ուժով,
Երիտասարդության հրաշալի անսպառ
հմայքով:
Եվ երազանքների այգում Իմ գաղտնի
բանաստեղծության
Ես կպահեմ քեզ՝ ժպտալով ու շնորհակալ
լինելով անմահներին,
Որ ինձ այսպես շռայլորեն պարգևատրեցին:
Ի՞նչ է եղել կյանքն իմ
Ի՞նչ է եղել կյանքն իմ, երբ այն
այսօր պետք է ավարտվի:
Երազային վաղանցուկ ակնթա՞րթ:
Կորսվա՞ծ:
Ո՛չ, այն լռին Հաճույքների շրջանակ
է եղել, որ ձեռքերով լի
Վերցրել եմ, մեկ ուրիշին տվել
ու նորը ստացել կրկին:
Այն աշխարհի հետ ինձ երջանկացրած
սիրային կապ է եղել
Իր մշտագո գեղեցկությամբ
Եվ իմ նպատակը հզոր նշաններով
առաջ է շարժել
Հավերժության մեջ շարունակ:
Նա եղել է ջրի, լեռնային քամիների,
դաշտերի հետ,
Եղբայրական կապի հետ, որ չի խզում
ոչ ոք,
Կապույտում ծվարած, միշտ այնտեղ
եղող բոլոր ամպերի հետ,
Եվ մեր հայրենիքի մասին է երգը
նրանց:
Այդ հավերժական ուժով զորեղ
Ես եղբայրական հավատարմությունն
եմ պահել,
Իսկ մեղքերս այն տարիներն են,
Որ ինձ մարդկանցից ավելի սիրելի են եղել:
Հերման Հեսսե
Թարգմանությունը գերմաներենից՝
Սիրանուշ Փարսադանյանի