Այսօր «Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել 10 բուժառու, նախատեսվում է օրվա ընթացքում Արցախ վերադարձնել բուժումն ավարտած 9 բուժառուի

Այսօր՝ օգոստոսի 12-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին: