Այսօր «Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից 14 բուժառու տեղափոխվել է ՀՀ, նախատեսվում է օրվա ընթացքում Արցախ վերադարձնել բուժումն ավարտած 7 բուժառուի

Այսօր՝ հունիսի 30-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 3-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 7-ը ծայրահեղ ծանր վիճակում։