Այսօր գրող, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի ծննդյան օրն է...
Ռուբեն Հովսեփյանը «Անտառային դասեր» վերնագրով մի հիանալի պատմվածք ունի, որը համեստորեն անվանել է ակնարկ: Այս դեպքում, սակայն, կարևորը ժանրային սահմանումը չէ, այլ պատմվածքի (կամ ակնարկի) հերոսներից մեկի այն միտքը, թե «անտառին տղամարդ ծառեր են պետք»:
Գրականությանը նույնպես, ավելացնենք հիմա, որովհետև հասցեն, ըստ իս, միանգամայն ճշգրիտ է,- Ռուբեն Հովսեփյան գրողն ու մտավորականը, ով և, ինչպես պարզվում է, դարձել է 60 տարեկան՝ ավանդաբար զարմացնելով թե՛ մեզ, թե՛ իրեն:
Ժամանակը միշտ էլ լրացուցիչ իմաստ է տալիս գրողի ճանապարհին, ինչպես շրջանակ, որի մեջ ամբողջանում է գեղանկարչի կտավը: Ռուբեն Հովսեփյանի ճանապարհը ի սկզբանե սքանչելիորեն անաղմուկ էր, բայց ներկայությունը, դարձյալ ի սկզբանե, հաստատ ու հիմնավոր: Նրա սերունդը մեր նոր գրականության հարստությունն է, արդեն լեգենդ դարձող վաթսունականների և հետագա տասնամյակների կենսագիրը, ժամանակներ, որոնց մեջ ապրած մարդուն ճանաչում ու հասկանում ենք հենց այդ սերնդի գրքերը բացելով:
Ռուբենն ամբողջովին այդ սերնդինն է, բայց նախ և առաջ իրենը ու նաև մերը: Գրականության մեջ նա ապրել է մի երկար ու հրաշալի օր և հասել այն գեղեցիկ սահմանագծին, երբ ազնիվ ու խորը մտքի, արվեստի ու տաղանդի տեր մարդը հայտնագործում է իր նվիրական որդան կարմիրը:
Ռուբենի որդան կարմիրը գրողի իր անհատականությունն է: Սա նշանակում է, որ այն, ինչ որոնում է գրողը ամբողջ կյանքում, հենց իր մեջ է: Պարզապես տարածություն ու կենսագրություն է պետք, որ նկատենք ու իմաստավորենք ակնհայտը, պետք է, որ գիրն ու ճակատագիրը աստիճանաբար միավորվեն ու համոզեն մեզ իրենց ամուր ներդաշնակությամբ:
Ռուբեն Հովսեփյան գրողը գրքից գիրք հյուսել է սիրո, հիշողության, հավատարմության ու խղճի պատմություն, որը նաև դժվար ապրող հայի պատմություն է: Նրա հերոսները իրենց հողի, հիշատակների ու երազանքների շարունակությունն են, որ ժառանգաբար գտել են իրենց միակ ու ամենատաք երկիրը և չեն դավաճանում նրան, թեև այդ երկրում հաճախ լինում են սաստիկ ցրտեր:
Սա գրականությունն է – առնական, քնարական, անշտապ, երբեմն դառը ու միշտ լուսավոր, բնակեցված հրաշալի մանուկներով ու ծերունիներով, որոնք կյանքի ազնիվ ճշմարտությունների սկիզբն են ու բյուրեղացումը, հենց բյուրեղացումը, որովհետև «վախճան» բառը գրելը անպայման վրիպում կլիներ:
Ռուբեն Հովսեփյանի դեպքում պիտի արձանագրենք, որ նա և իր գրականությունը չբաժանվեցին: Նրա մարդկային ու հասարակական վարքագիծը չօտարվեց այն արժեքներից, որոնցով սնվել, որոնք պաշտպանել, որոնց հետամուտ է եղել նրա արձակը:
Անշուշտ, սա հիանալի հանրագումար է: Անշուշտ, սա՛ է որդան կարմիրը՝ գեղարվեստը և ապրելու գիտությունը, ամբարված ժառանգությունը և դրա հետ հարազատանալու ձգտումը, որպես զավակի պարտավորություն, հոր պատասխանատվություն ու մտավորականի հավատամք:
Այստեղ, հավանաբար, կարելի է վերջակետ դնել: Բայց ես պիտի վերադառնամ Ռուբեն Հովսեփյանի ստեղծագործական վաստակին, որովհետև գրողի նրա նկարագիրը թերի կմնա, եթե չասենք, որ նա մեկն է այն քչերից, որոնց տաղանդը հանդիպեց հայ կինոյի փորձաքարին ու հաղթահարեց այն: Իսկ գրողի համար դժվար, հազվագյուտ բան է հեղինակային ներկայություն ունենալ կինոյում, որովհետև կինոն մեծ մասամբ սպառողաբար է մոտենում գրականությանը և կատարելապես ենթարկում ռեժիսորական «ես»-ին: Ռուբենի բախտը, անշուշտ, բերեց, որովհետև նրա սցենարները՝ «Հնձանը», «Ապրիլը», իսկ հետո «Խնձորի այգին» ու «Կարոտը» ճշմարիտ ռեժիսորներ գտան: Բայց նույնքան ճշմարիտ է, որ ռեժիսորները՝ Բագրատ Հովհաննիսյան, Վիգեն Չալդրանյան, Գրիգոր Մելիք-Ավագյան, փնտրեցին Ռուբեն Հովսեփյանին, որովհետև նրա մեջ տեսան իսկականը: Ավաղ, Մալյանի հետ սկսած նրա աշխատանքը մնաց կիսատ, բայց բարեբախտաբար շարունակվեց Դովլաթյանի հետ:
Այսպիսով, Ռուբեն Հովսեփյանը երկու գեղարվեստական տարածքների «լիիրավ սեփականությունն» է,- նրան սիրում է գրականությունը, նրան սիրում է կինոն: Բայց ցավն այն է, որ մենք կարծես դադարել ենք արվեստագետին իր արվեստի մեջ փնտրելուց և ավելի շատ որոնում ենք նրան հասարակական կամ քաղաքական կյանքում: Սակայն Ռուբեն Հովսեփյանին ոչ ոք գրականությունից չի խլել: Եվ մենք կարող ենք տեսնել նրան այնտեղ, որպես հին անտառի տղամարդ ծառ:
Դավիթ Մուրադյան