1899 թ-ի օգոստոսի 24-ին ծնվել է արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ Խորխե Լուիս Բորխեսը։
Հայտնի է որպես արկածային և դետեկտիվ ժանրի հեղինակ։ Բացի գրական գործունեությունից՝ Խորխե Լուիս Բորխեսը աչքի է ընկել իր քաղաքական պահպանողական հայացքներով, ինչպես նաև մի շարք փիլիսոփայական վերլուծություններով։ Միջազգային ճանաչում ձեռք է բերել 1960-ական թվականներին։
Իր մուտքը գրական աշխարհ Խորխե Լուիս Բորխեսը այս կերպ է նկարագրել.
«Երբ հորս հարվածեց կուրությունը, ընտանիքում բոլորը հոգու խորքում համոզված էին, որ ես պետք է շարունակեմ նրա գրական ուղին: Այն՝ ինչ հայրս չէր հասցրել իրականացնել կուրության պատառով, վստահ էի, որ ես պետք է իրագործեմ հանուն նրա, հանուն այն մարդկանց, ովքեր հավատում էին, որ իմ մուտքը դեպի գրականություն լինելու է առաքելություն՝ հորս կիսատ թողած գործերը շարունակելու նպատակով: Նման համոզմունքը, նմանատիպ վստահությունը չարդարացնել պարզապես չէի կարող: Իսկ գրել սկսեցի վեց-յոթ տարեկան հասակում»:
1921 թ-ին սկսել է հրատարակել իր բանաստեղծությունները և էսսեները սյուրռեալիստական բնույթի ամսագրերում։ 1955թ-ին Բորխեսը նշանակվել է Բուենոս Այրեսի Ազգային գրադարանի տնօրեն, ինչպես նաև սկսել է գրականության վերաբերյալ դասախոսություններ կարդալ Բուենոս Այրեսի համալսարանում։ 1971թ-ին ստացել է Երուսաղեմի անվան մրցանակ։ Բորխեսի ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրներում։
Բորխեսի՝ արգենտինական մշակույթի նկատմամբ ունեցած հակումը հիմնականում կապված է նրա ընտանեկան տոհմածառի հետ։ Գրողի՝ ծնունդով անգլիացի տատը ամուսնացել է արգենտինացի Ֆրանչեսկո Բորխեսի հետ, որը պատմական մեծ դեր է ունեցել քաղաքացիական պատերազմներում, որոնց արդյունքում էլ Արգենտինան և Ուրուգվայը ճանաչվել են որպես անկախ պետություններ։
«Կիրք Բուենոս Այրեսի հանդեպ» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն համարվում է Բորխեսի առաջին գիրքը, որը լույս է տեսել 1923 թվականին։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը նվիրված է արգենտինական մշակույթին («Տանգոյի պատմությունը»), ինչպես նաև գրականությանը («Արգենտինացի գրողը և ավանդույթը»)։
Բորխեսը երբևիցե Նոբելյան մրցանակ չի ստացել գրականության ոլորտում, և այս փաստը մշտապես հուզել է գրողին։ Հեղինակն ինքն այդ մասին ասում է. «Ինձ Նոբելյան մրցանակով չպարգևատրելը դարձել է Սկանդինավյան սովորույթ. ծնվելուս պահից ի վեր ինձ չեն մեծարել»։ Կարծիք կա, որ Բորխեսը մրցանակ չի ստացել իր չափից դուրս պահպանողական քաղաքական հայացքների պատճառով։
Բորխեսը մահացել է լյարդի քաղցկեղից 1986 թ-ի հունիսի 14-ին Ջենովայում։
Նյութը՝ Աննա Ավետիսյանի