Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օգոստոսի 11-ին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը (AustralianLiberalParty) Նոր Հարավային Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Թուրքիայի կողմից իրականացված՝ հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Օրերս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական  բարեկամության խումբը։

Շնորհակալություն ենք հայտնում Ավստրալիայի Լիբերալ կուսակցությանը և Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական  բարեկամության խմբին՝ նման նախաձեռնությունների համար։ Սա քաղաքական և բարոյական կարևոր աջակցություն է Արցախի ժողովրդին և մարդասիրության ու բարեկամության օրինակելի դրսևորում։
 
Շնորհակալություն ենք հայտնում նաև ավստրալահայ համայնքին՝ Արցախին մշտապես աջակցելու համար։ Ավստրալահայ համայնքը մեր Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է, որը մշտապես ներգրավված է  համահայկական հարցերի լուծման և մեր ազգային շահերի պաշտպանության գործում»։