Վարչապետի պաշտոնակատարը, որը գունեղ արտահայտություններ չի խնայում «ներքին թշնամիներին» խարազանելու համար, Ալիեւի լկտի արտահայտությունների պարագայում սահմանափակվում է ընդհանուր դիվանագիտական ձեւակերպումներով:
Դժվար է ակնկալել, որ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի ելույթից հետո «լայվ» կմտներ եւ կխոսեր Ալիեւի «թաթիկները կտրելու», «մեյդը փռելու», «վզակոթից բռնելու» եւ «ասֆալտին պառկացնելու» թեմայով: Այդ բառապաշարը կիրառվում է ներքին կյանքում՝ քաղաքական հակառակորդներին «բարոյապես ջախջախելու» եւ դրանով իշխանական ընտրազանգվածին ոգեւորելու համար: Եվ դա անուղղակիորեն նպաստում է մեր իրական թշնամիների լպիրշ պահվածքին: «Զանգեզուր» տեղանունը օրերս հնչել է նաեւ մեկ այլ համատեքստում:
ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ այնտեղ ավերածություններ են գործել: Ակցիան իրականացվում է հետընտրական վրեժխնդրության շրջանակներում, քանի որ, հիշեցնեմ, Փաշինյանին Սյունիքի մարզում գրկաբաց չեն ընդունել: Այդ հաշվեհարդարի, կամ, եթե ավելի ճոռոմ բառեր օգտագործենք՝ պողպատե մանդատի եւ օրենքի դիկտատուրայի միջոցառումների շարքում հետապնդվում են Սյունիքի մարզի մի շարք համայնքապետեր: Հուսով եմ, դատարանները, որոնք, ի տարբերություն դատախազության, ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի, Փաշինյանի գրպանում չեն, իրենց խոսքը կասեն այդ գործերում: Բայց ակնհայտ է, որ այդ բոլոր միջոցառումները թուլացնում են մարզի ու, հետեւաբար, ամբողջ պետության անվտանգությունը: