«Atlantic Records Russia» լեյբլի հետ համագործակցած երգիչների համերգը չեղարկվել է

Հոկտեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգը, որը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հանրության շրջանում, չեղարկվել է։ Այս մասին Tert.am-ին հայտնեց համերգի կազմակերպիչներից մեկը։

«Այդ համերգին որևէ ադրբեջանցի երգիչ ելույթ չէր ունենալու, սակայն ավելորդ խոսակցություններից խուսափելու համար որոշեցինք չեղարկել համերգը։ Համերգին պետք է ելույթ ունենային «Andro»-ն և «The Limba»-ն, ովքեր աշխատել են Atlantic Records Russia լեյբլի հետ, որի հետ համագործակցել են նաև ադրբեջանցի երգիչներ»,- ասաց նա։

Հարցին՝ Էմին Ագալարովը, ով ժամանակին եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փեսան, ի՞նչ կապ ունի  Atlantic Records Russi-ի հետ, կազմակերպիչը նշեց․

«Ինչքան գիտեմ՝ տնօրենն է։ Այդ երգիչները, ովքեր պետք է ելույթ ունենային Հայաստանում, ժամանակին աշխատել են այդ լեյբլի հետ, նաև որոշ ադրբեջանցի երգիչների հետ։ Ընդ որում այդ լեյբլի հետ աշխատել են նաև շատ հայ երգիչներ։ Ամեն դեպքում ավելորդ խոսակցություններից խուսափելու պատճառով որոշել ենք չեղարկել համերգը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը անդրադառնալով այս թեմային՝ նշել էր, որ համերգի կազմակերպիչներին տեղեկացրել է, որ այդ խումնը իրենց մոտ չի կարող ելույթ ունենալ:

«Մարզահամերգային համալիրը վերցրել են ոչ թե հոկտեմբերի 23-ին մեկ համերգ անելու համար, այլ դահլիճը վերցրել են, որ 3 օր փառատոնային տիպի բան անեն։ Փառատոնին մասնակցելու են տարբեր խմբեր ու մասնակիցներ։ Ինքս նոր եմ ճշտել, որ ամսի 23-ին մի խումբ է լինելու, որտեղ որևէ ադրբեջանցի չկա, գնչուներ են, նրանց պրոդյուսերը ռուս է, պարզապես նրանք Ագալարովի և լեյբլի տակ են աշխատում, որի տակ աշխատում են նաև բազմաթիվ հայ երաժիշտներ։ Սակայն այդ ամենը մեզ չի խանգարել, որպեսզի կազմակերպիչներին ասենք, որ մենք այդ խմբին, այսպես թե այնպես, չենք ընդունի։ Հաշվի առնելով այն, որ ճիշտ է, իրենք ադրբեջանցի չեն, բայց գործեր ունեն ադրբեջանցիների հետ համատեղ, այսպես ասած՝ իրենց մշակույթը զարգացնող, առաջ տվող։ Դրա համար ես կազմակերպիչներին ասել եմ, որ այդ խումբը մեզ մոտ չի կարող գալ»,- ասել է Կարեն Ղազարյանը։