Ասում են՝ տեղյակ ենք, զբաղվում ենք, հետաքրքրվում ենք եւ այլն. Կա՞ որեւէ ծնող, որին էս պատասխանը բավարարում է. եթե կա այդպիսի ծնող, հենց հիմա ճանապարհը կբացենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհին բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հայրը:
«Դա ով ասես՝ կարող է ասել: Բա ինչի՞ համար է պետությունը, ինչի համար են ընտրությունները, Սահմանադրությունը: համազգեստով մարդկանց բերել, կանգնեցրել են էստեղ: Ինչի՞ համար են ձեր կառույցները, որ մարդ բռնեք, փողը վերցնեք, բաց թողնեք կամ դատե՞ք: Դե գործեք, մեկ ամիսը լրացավ, երեխա եմ տվել: Մի օր կռվե՞լ եմ, մի օր փախե՞լ է բանակից, մի օր պահանջե՞լ եմ իմ երեխուն, չէ: Էսօր պահանջում եմ: Թող բերեն: Հիմա ուզում եմ փակեմ ճանապարհը մինչեւ իմ երեխուն բերեն»,-ասաց հայրը:
Նա պատմեց, որ որդու հետ եղած զինծառայողները երբ ցանկացել են հեռանալ էդ տեղանքից, որդին ասել է՝ վիրավոր եմ. «Ու մինչեւ հիմա ոչ մի բան չի ձեռնարկվել: Էն տղու մասին է խոսքը, որ մինչեւ վերջ զենքը գետնին չի դրել: Ես սեպտեմբերի 15-ին եմ Վահեի հետ խոսել, ամսի 16-ին գնացել են Կապան, էնտեղ եմ իմացել: Զորամասում ասացին, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: Էդտեղից գնացել եմ Կարմիր Խաչ: Ասացին՝ երբ վստահ կլինենք, որ երկու կողմից կրակոցներ չեն լինի, այդ ժամանակ ներկայանում ենք: Ես էլ ասացի, որ եթե պետք է 100 տոկոս վտահ լինեք, որ երկու կողմից կրակոց չի լինի, պետք չի ձեր ներկայությունը, ես իմ գյուղի ժողովրդով կգամ, կգտնեմ իմ երեխային: Ասում են ՊՆ-ն բանակցություններ է վարում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները փակել են Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհը:
Նրանք դեռ հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՊՆ շենքի մոտ: Հարազատները նշում են, որ Վահե Թորոսյանը վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 14-ին, նա հստակ նկարագրել է, թե որտեղ է գտնվում, բայց ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում իրենց տղային այտեղից հանելու համար, ասում են, որ այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ է:
«Սեպտեմբերի 16-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց կողմից վերահսկվող տարածք՝ Սյունիքի Հանդ գյուղի վերեւի հատված: Երեխեն զանգել է սեպտեմբերի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, թե որ ձորակում է: Բայց մերոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Մենակ աշխատում է զորամասի հրամանատարական կազմը: Մեր մարդիկ ուզում են մտնել տարածք, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս»,-ասել էր հարազատներից մեկը: