Աշխարհը պետք է իմանա՝ արցախցիները շատ ուժեղ են և համախմբված, բայց նրանք պետք է զգան, որ իրենք միայնակ չեն մարդկության համար մղվող այս պայքարում. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից տեսակապի միջոցով հարցազրույցներ է տվել ֆրանսիական «Marianne» և «La Vie»  հեղինակավոր պարբերականներին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը:

«Marianne» պարբերականին տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ապահովելու Արցախի 120 000 հայերի կյանքն իրենց նախնիների հողում։ Արցախի պետնախարարը հիշեցրել է այն սադրանքների մասին, որոնք նախորդել են Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակմանը: Մասնավորապես, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր՝ Ադրբեջանը, նպատակ հետապնդելով հայաթափել Արցախը, շատ ագրեսիվ վարք է դրսևորում, ինչն արտահայտվում է շարունակվող ռազմական սադրանքներով, պարբերաբար գազի մատակարարման արգելափակմամբ և այլն: Արցախի պետնախարարն ընդգծել է, որ չնայած այդ սադրանքներին՝ 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում անցկացված զանգվածային ցույցով արցախահայերն արտահայտեցին իրենց վճռականությունը՝ մնալու իրենց նախնիների հողում, ինչը ցնցում առաջացրեց Բաքվում: